Միացյալ Նահանգները և Ուկրաինան բանակցում են մոտ 100 միլիարդ դոլարի արժողությամբ խոշոր գործարքի շուրջ: Դրա համաձայն՝ Կիևը կկարողանա գնել ամերիկյան զենք, իսկ Վաշինգտոնը կստանա ուկրաինական առաջադեմ ռազմական մշակումների մտավոր սեփականության իրավունքներ: Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի:
Ըստ հեռուստաալիքի՝ գործարքը նախատեսում է Ուկրաինայի տեխնոլոգիական մշակումների փոխանակում ամերիկյան զենքի մատակարարման դիմաց: Պայմանագրի կոնկրետ ոլորտներն ու մանրամասները չեն բացահայտվում: Պենտագոնում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Դեն Քեյնը աշխատում է Կիևի հետ պաշտպանական համագործակցության վրա: Քննարկվում են նաև զսպման և մարզման հարցեր:
Հուլիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինային զենքի մատակարարումների վերսկսման մասին: Սակայն այժմ, ըստ Թրամփի ծրագրի, այդ զենքը պետք է գնեն Կիևի եվրոպացի դաշնակիցները: Բացի այդ, Սպիտակ տունը առաջարկել է եվրոպական երկրներին Ուկրաինային տրամադրել իրենց սեփական Patriot համակարգերը՝ խոստանալով դրանց արագ փոխարինում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում