Կորեայի փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի կանաչ քաղաքաշինության զարգացման հնարավորությունները

3 Min Read

Քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ իրականացվող «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. շենքերի էներգաարդյունավետության բարելավում» ծրագրի շրջանակում Երևանում տեղի է ունեցել եզրափակիչ աշխատաժողով, որի ժամանակ ներկայացվել են ծրագրի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները։

Մի քանի ամիսների ընթացքում Կորեայի Հանրապետության «Գիտելիքի փոխանցման ծրագրի» (KEXIM) ֆինանսական աջակցությամբ ներգրավված փորձագետներն ուսումնասիրել են Հայաստանի շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության ոլորտում առկա խնդիրները, համեմատել Կորեայի և Հայաստանի օրենսդրությունները, անցկացրել հարցումներ ՀՀ համայնքներում։ Կազմակերպվել են աշխատաժողովներ Հայաստանում և Կորեայում, հանդիպումներ Կորեայի ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ծավալուն վերլուծության արդյունքում, հաշվի առնելով նաև Կորեայի փորձը, փորձագետները մշակել են ամփոփիչ զեկույց՝ ներառելով առաջարկներ Հայաստանի կանաչ քաղաքաշինության զարգացման ճանապարհային քարտեզի վերաբերյալ՝ յուրաքանչյուր փուլի գործողությունների նկարագրությամբ։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և Սանգմյունգի համալսարանի թիմին՝ շեշտելով, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ բավական կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել, որը կօգնի կոմիտեին հետագայում ոլորտային ռազմավարության մշակման հարցում.

«Հուսով ենք՝ մեր համագործակցությունը կշարունակվի, և համատեղ կանցնենք կանաչ քաղաքաշինական միջավայրի ստեղծման բավական բարդ ճանապարհը։ Հայաստանի Հանրապետության կառավարության համար էներգաարդյունավետության բարձրացման, կանաչ քաղաքաշինության միջոցառումների ներդրման ուղղությունը գերակա է։ Դրանով պայմանավորված՝ վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել։ Ուստի մեծ ոգևորությամբ ենք վերաբերվում այս ծրագրին»։

KEXIM-ի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Հվանվու Կիմն անդրադարձել է կանաչ քաղաքաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումների ազդեցությանը Կորեայի զարգացման վրա՝ շեշտելով, որ ծրագրի ընթացքում փորձել են կիսվել Կորեայի փորձով և առաջարկները ներկայացնել՝ հաշվի առնելով իրենց երկրի թե´ հաջողված օրինակները, թե´ խոչընդոտները։

Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենի տեղակալ Լյուկ Ֆոչմանը հույս է հայտնել, որ ուսումնասիրության արդյունքները և քաղաքականության մշակման առաջարկները հիմք կծառայեն հետագայում Հայաստանի էներգաարդյունավետության օրակարգի ձևավորման համար՝ արտացոլվելով ՀՀ քաղաքաշինական նորմերում, պետական ու համայնքային ծրագրերում և ներդրումային ռազմավարություններում։

Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս Սանգմյունգի համալսարանի պրոֆեսոր Սունմյունգ Լին կարևորել է կանաչ քաղաքաշինության զարգացման ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը և աստիճանական քայլերի իրագործումը՝ առանձնացնելով հատկապես ոլորտային մասնագետների իրազեկումը, վերապատրաստումը և էներգաարդյունավետության միջոցառումների կիրառման նպատակով խթանների ստեղծումը։

Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներից բացի աշխատաժողովին ներկա են եղել նաև շահագրգիռ այլ գերատեսչություններից, ԱԶԲ-ից, KEXIM-ից, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից և Սանգմյունգի համալսարանից ներկայացուցիչներ։ Ամփոփիչ զեկույցի քննարկման ընթացքում կատարված դիտարկումներն ու առաջարկները հաշվի առնելով՝ վերջնական տարբերակն առաջիկայում կտրամադրվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին։

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով