Նախատեսվում է պետական բյուջեում կատարել վերաբաշխում 22 մլրդ 887.6 մլն դրամի չափով, որից ԿԳՄՍ միջոցներից՝ 9.6 մլրդ դրամ, իսկ 13.2 մլրդ դրամը՝ կառավարության կողմից. այս մասինկառավարության նիստում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ զեկուցելով հերթական բյուջետային հատկացման մասին որոշումը։
Նախատեսվում է մի շարք կրթական, մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը, դրանց նախագծումը և գույքով ապահովումը ֆինանսավորել։
Ըստ փոխնախարարի, գումարի մեծ մասը՝ 21.8 մլրդ դրամը հատկացված է դպրոցաշինության և մանկապարտեզաշինության ծրագրերին։
«8.9 մլրդ դրամը հատկացվում է դպրոցների կառուցման ծրագրերին, ընթացող շինարարությունների տարեկան հատկացումներ ավելացնելու նպատակով։ 2.8 մլրդ դրամը հատկացվում է կրթահամալիրների կառուցման ծրագրին և 9.3 մլրդ դրամը դպրոցների հիմնանորոգման, վերանորոգման ծրագրին։ 430 մլն դրամ հատկացվում է 2 մանկապարտեզի կառուցման ծրագրին, 400 մլն դրամ էլ դպրոցների մասնակի կառուցման ծրագրին, 200 մլն դրամ էլ ԲՈւՀ-երի շենքային պայմանների և գույքային հագեցվածության ծրագրերին»,-տեղեկացրեց Սվաջյանը։
Նա հայտնեց, որ մշակույթի գծով հատկացումը 1 մլրդ դրամ՝ և նրա մի մասն ուղղվելու է Մատենադարանի ճակատային հատվածի արձանների վերանորոգմանը։
«63.8 մլն դրամ էլ կհատկացվի սպորտային ենթակառուցվածքների կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան վերանորոգմանը»,-հայտնեց ԿԳՄՍ փոխնախարարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում