ՈՐՔԱ՞Ն Է ԼԻՆԵԼՈՒ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՃԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Մենք բազմիցս անդրադարձել ենք ՀՀ տնտեսության համար պատասխանատու կարևորագույն նախարարներից մեկի՝ Վահան Քերոբյանի, գործունեությանը։ Որոշակիորեն քննադատություններ եղել են, սակայն դրա հետ մեկտեղ ընդունում ենք նախարարի գերմարդկային ընդունակությունները։ Ինչպես փաստում են բազմաթիվ քննադատներ, նախարարը հիմնականում հանդես է գալիս առանց որևէ թվեր վկայակոչելու, որը տնտեսագետների և որոշ մասնագիտական շրջանակների համար այնքան էլ հասկանալի և ընդունելի չէ։ Մյուս կողմից, հետաքրքիր են հնչում նախարարի տարբեր մեկնաբանությունները տնտեսության վիճակի մասին։ Մասնավորապես, նախարարի խոսքով, մեծ է հավանականությունը, որ Հայաստանում տարվա վերջում աղքատության աճ արձանագրվի՝ պայմանավորված գնաճի բարձր մակարդակով, և պետք է զբաղվել այս հարցով։ Նկատենք, որ Քերոբյանը որևէ թվային տվյալներ չի հնչեցնում։ Զարմանալի են հնչում նախարարի խոսքերը վարչապետի և իշխանության տարբեր թևերի արձանագրած աննախադեպ տնտեսական բումի, զարմանազան աճերի  համատեքստում։

Փաստորեն, տնտեսության համար պատասխանատու նախարարության ղեկավարը ընդունում է, որ ներկայիս աճերից էական օգուտներ սպասել պետք չէ։ Ինչպես փաստում են մեր դիտարկումները, այս աճերը հիմնականում կրելու են անկայուն բնույթ, քանի որ պայմանավորված են մեծապես արտաքին գործոններով։ Սակայն, նույնիսկ այս անկայուն աճերը չեն արդարացնելու աղքատության նվազման և հասարակության այլ կարևոր հոգսերի թեթևացման համատեքստում։

Վերադառնալով նախարարի բարձր գնաճներին՝ ներկայացնենք ՀՀ-ում վերջին ամիսներին արձանագրված գնաճի և անվանական աշխատավարձերի աճի տեմպերի դինամիկան․

Գծապատկեր 1 ՍԳԻ և միջին ամսական անվանական աշխատավարձերի աճի տեմպերի դինամիկան 2022 թ․-ի հունվար-օգոստոս ամիսներին

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ՍԳԻ-ն 2022 թ․-ի օգոստոսին կազմել է 9 %, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձի ծավալների աճի տեմպը 2022 թ․-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, կազմել է 19 %։

Վիճակագրական տվյալների այս դինամիկայի պայմաններում հարց է առաջանում՝ այդ ինչքան գնաճ է կանխատեսում պարոն Քերոբյանը տարվա վերջում, որի արդյունքում միջին ամսական անվանական աշխատավարձն այն աստիճան է փոշիանալու կամ արժեզրկվելու, որ մարդիկ ընկնելու են աղքատության ճիրանները։ Ամեն դեպքում, երբ նախարարը չի ներկայացնում աղքատության մակարդակի կամ գնաճի կոնկրետ ցուցանիշներ, դա թույլ է տալիս որոշ շրջանակներին կատարել բազմաթիվ կանխատեսումներ և ազդել հանրության սպասումների վրա։

Կիսվեք այս հոդվածով