Կրթված հասարակություն ունենալը յուրաքանչյուր երկրի կայուն զարգացման, տնտեսական աճի երաշխիքներից է: 2024թ․ դրությամբ աշխարհի խոշոր 30 տնտեսություններում հարցումներ են իրականացվել կրթական համակարգի տարբեր բաղադրիչների մասով։ Հարցումների արդյունքները թույլ են տալիս պատկերացում կազմել՝ կրթության մասով ինչ տրամադրություններ են առկա զարգացած երկրներում.
Հարցումների արդյունքներն արձանագրում են, որ կրթական համակարգը որակյալ է համարել հարցվածների ընդամենը 33%-ը։ Այս հանգամանքը վկայում է այն մասին, որ կրթության մեջ խոշոր ֆինանսներ ներդնելն անհրաժեշտություն է, սակայն ոչ բավարար։
1946-1964թթ. ծնվածների կամ Բեյբի բումերների (Baby Boomers) շուրջ 63%-ը կարծում է, որ իրենց ժամանակաշրջանի համեմատ ներկայումս երեխա մեծացնելը բարդացել է: Ավելին, Բեյբի բումերների հետ համակարծիք են 1965-1980թթ. ծնվածների կամ Gen X-ի ներկայացուցիչների 57%-ը, 1981-1996թթ. ծնվածների կամ Millennials-ի ներկայացուցիչների՝ 48%-ը, և 1997-2012թթ. ծնվածների կամ Gen Z-ի ներկայացուցիչների 47%-ը։
30 երկրներից 29-ում գտնում են, որ 14 տարեկանից փոքր երեխաների համար պետք է սահմանափակել սոցցանցերի օգտագործումը։ 4 հարցվածներից 1-ի կարծիքով տեխնոլոգիաները բացասաբար են ազդելու կրթության վրա։ Հարցվածների 29%-ը մտահոգված է կրթական համակարգում հնացած ուսումնական ծրագրերի մասով՝ դրանք համարելով լուրջ խնդիր։
Վերոնշյալ տրամադրությունները վկայում են այն մասին, որ կրթական համակարգն ամբողջ աշխարհում փոփոխությունների կարիք ունի, որը կպահանջի բավականին երկար ժամանակահատված։ Այդուհանդերձ, Հարավային Կովկասում կրթության վրա կատարվող ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2019-2023թթ. ցուցաբերել է հետևյալ դինամիկան․
Կրթական համապատասխան միջավայրի ձևավորումը պայմանավորված է հսկայական ֆինանսների հետ։ Այդուհանդերձ, առանց այդ ներդումների դժվար է պատկերացնել որակյալ կրթական համակարգի ձևավորումը։ Համաշխարհային բանկի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն՝ 2023թ․ դրությամբ Հարավային Կովկասում կրթության վրա կատարվող ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն մակարդակը՝ 0․2%, արձանագրվել է Հայաստանում։ Ամենաբարձր ցուցանիշը պատկանում է Վրաստանին՝ 3․7%։ Նկատենք, որ Հայաստանում կրթության վրա կատարվող ծախսեր/ՀՆԱ հարաբերակցության դինամիկան մինչև 2019-2022թթ եղել է կայուն։ Այս ժամանակահատվածում ցուցանիշի առավելագույն մակարդակը արձանագրվել է 2021թ․՝ կազմելով 2․8%։
Նկատենք նաև, որ, միգուցե մեթոդական տարբերություններով պայմանավորված, Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տվյալներով՝ 2023թ․ կրթության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունն արձանագրվել է 1․9% մակարդակում։ Վերջինս նույնպես արձանագրված ամենացածր մակարդակն է 2019-2023թթ ժամանակահատվածում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում