Պետական աջակցություն` լոլիկի մթերում իրականացնող տնտեսվարողներին

4 Min Read

Կառավարությունը հաստատել է 2025 թ. լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը: Այն պայմանավորված է ընթացիկ տարվա լոլիկի մթերման գործընթացի կազմակերպմանն աջակցելու անհրաժեշտությամբ:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, 2024թ.-ին՝ ամբողջ տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ մթերվել է 15 200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ արդեն իսկ ավելի քան 8800 տոննա լոլիկ, որը շուրջ 5000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը: Ըստ նախարարի՝ այս պահին տոմատի մածուկի մթերման նպատակով լոլիկը մթերվում է ՝40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի 1 կգ-ի ինքնարժեքը շուրջ 450 դրամ է: «Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկաներում, այլև հայկական շուկայում: Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ, և ընթացիկ տարում, ըստ էկոնոմիկայի նախարարության գնահատականների, կա շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- ասել է Գևորգ Պապոյանը:

Ըստ այդմ՝ որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ հետևյալ պայմաններով. 2000 տոննա ներառյալ լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սուբսիդիա չի տրամադրվում, 2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն: Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և որ լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի: Հաստատվել են նաև միջոցառման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման ընթացակարգը և տոմատի մածուկի արտադրության նպատակով մթերվող լոլիկի քանակների փաստաթղթավորման և տեղեկատվության տրամադրման կարգը։ Արդյունքում՝ տեղական արտադրության տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7 հազար տոննա լոլիկ, կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում առկա խնդիրը, լրացուցիչ կարտադրվի շուրջ 1000 տոննա տոմատի մածուկ, որը գնային առումով մրցունակ կլինի ներմուծվող տոմատի մածուկի նկատմամբ և շուրջ 1000 տոննայով կնվազի տոմատի մածուկի ներմուծման ծավալը։

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի առումով. «Նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ երբ բերքը քիչ է լինում, մեզ համար խնդիր է, բերքը շատ է լինում՝ մեզ համար խնդիր է։ Եվ մենք պետք է այդ խնդիրները  փորձենք տրանսֆորմացնել ինչ-որ ավելի զարգացնող և ստեղծարար երևույթի»:

Էկոնոմիկայի նախարարը նաև տեղեկացրել է, որ կա 5 գործարան, որից 1-ը ավելի քիչ է մթերում, մյուս 2-ը՝ մինչև 200 տոննա: Ծրագրից կօգտվի միայն 2 ընկերություն. «Մեկը պլանավորում էր 9000 տոննա լոլիկ մթերել, այս պարագայում կմթերի 14,000-ից ավելի, մյուսը 2500-3000 էր պլանավորում, այս պարագայում կմթերի 4500-5000 տոննա»:

Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ բազմաթիվ վայրիվերումներից հետո գյուղատնտեսական ոլորտում թևակոխում ենք կայուն զարգացման փուլ. «Պետք է արձանագրեմ, որ այդ թվերն ապացուցվում և հիմնավորվում են արտահանման ծավալով: Այն փաստը, որ այս տարի գործնականում մեր հիմնական գյուղմթերքների արտահանման էական աճեր են գրանցվել, դա խոսուն է»:

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-հուլիսին Հայաստանից արտահանվել է 103 հազար 260 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 92 հազար 838 տոննա։ Ըստ նախարարի՝ այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 11.2 հազար տոննայով: Գևորգ Պապոյանը, ներկայացնելով ծաղկի արտահանման ծավալը, նշել է, որ անցած տարի ծավալը կազմել է 533 տոննա, այս տարի՝ 1245 տոննա, ավելի քան 110 տոկոս աճ է արձանագրվել: Այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 25 տոկոսով աճել է Հայաստանից ծիրանի արտահանումը, 90 տոկոսով աճել է կեռասի արտահանումը, ավելի քան 60 տոկոսով աճել է դեղձի արտահանումը։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով