«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրի մասնակից 10 ուսանող կստանա ֆինանսավորում Բիբլոս Բանկ Արմենիայից՝ իրենց ընտրած մասնագիտացումը ստանալու համար։
Ուսանողներն ստանում են ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական կրթություն տարբեր ոլորտներում՝ ներառյալ մանկավարժություն, հրուշակագործություն, զբոսաշրջություն և այլն:
Բանկի և հիմնադրամի միջև համագործակցությունն ուսանողներին թույլ է տալիս բարելավել իրենց կյանքի որակը կրթության և գործնական հմտությունների միջոցով:
«Կրթությունը կյանքեր փոխելու յուրահատուկ կարողություն ունի, և մենք հպարտությամբ ենք աջակցում երիտասարդներին անկախության ու ինքնադրսևորման իրենց ճանապարհին։ Բիբլոս Բանկ Արմենիայի ԿՍՊ ծրագրերի նպատակն է ստեղծել հնարավորություններ, որպեսզի երիտասարդները կարողանան հասնել իրենց նպատակներին։ Այս համագործակցությունը բարեգործություն չէ, այլ՝ արդյունավետ ռազմավարություն, որի շնորհիվ ուսանողները ձեռք կբերեն պահանջված հմտություններ՝ աշխատաշուկա մուտք գործելու և հաջողության հասնելու համար»,- նշել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։
«Կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունների ապահովումը երիտասարդներին հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից է։ Մեզ համար կարևոր է, որ երիտասարդները ոչ միայն հավատան իրենց ուժերին, այլ նաև զգան, որ միայնակ չեն կյանքի այդ փուլում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ նման համագործակցությունը շատ ավելին է, քան պարզապես աջակցություն։ Այն վստահության և համատեղ ներդրման լավագույն օրինակներից է»,- ասել է «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը։
Նախաձեռնությունը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևոր տարր է։ Մշտապես կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում