Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք չի խնդրել Հնդկաստանին դադարեցնել ռուսական նավթի գնումները մինչև սակագնային ռեժիմի պաշտոնական հայտարարումը։ Հնդիկ նախարարն այս մասին ասել է Economic Times World Leaders Forum համաժողովում։
«Այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել մինչև իրենց դիրքորոշման հրապարակումը», — ընդգծել է Ջայշանկարը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին աշխարհը լրջորեն մտահոգված էր նավթի գների աճով։ Այդ ժամանակ ԱՄՆ վարչակազմի տարբեր ներկայացուցիչների հետ զրույցներ են եղել այն մասին, որ եթե Հնդկաստանը ցանկանում է ռուսական նավթ գնել, դա ընդունելի է, քանի որ դա նպաստում է համաշխարհային գների կայունացմանը։ Այս տարվա հունվարից հետո ԱՄՆ ներկայիս վարչակազմի հետ այս հարցի շուրջ զրույցներ չեն վարվել։
«Մենք նավթ ենք գնում նավթի շուկաները կայունացնելու համար։ Սա մեր ազգային շահերից է բխում, և մենք երբեք չենք թաքցրել դա։ Սակայն սա նաև համաշխարհային շահերից է բխում։ Կարևորն այն է, որ երկրին մաքսատուրքեր սահմանելը այն բանի համար, ինչ նա բացահայտ արել է, և որը մյուս երկրները շարունակում են անել մեզանից ավելի մեծ քանակությամբ, մեր կարծիքով, անարդար և անհիմն է», — հավելել է նախարարը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում