Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը, որը կդառնա Զանգեզուրի միջանցքի մաս, կկայանա օգոստոսի 22-ին Իգդիր քաղաքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Զանգեզուրի միջանցքի գործարկումից հետո Պեկինից Լոնդոն երկաթուղային գիծը կգործի ավելի արդյունավետ: Նախարարը շեշտել է, որ նախագիծը կընդլայնի բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները Թուրքիայի արևելքում, կբարձրացնի երկրի լոգիստիկ ներուժը և կամրապնդի նրա աշխարհառազմավարական նշանակությունը որպես «անվտանգության կղզի» միջազգային առևտրային երթուղիներում:
Ուրալօղլուն նշել է, որ Ֆինանսների և գանձապետարանի նախարարության աջակցությամբ Թուրքիային հաջողվել է ներգրավել 2,4 միլիարդ եվրոյի արտաքին ֆինանսավորում:
«Կկառուցվի 224 կիլոմետր երկարությամբ, երկկողմանի, էլեկտրաֆիկացված երկաթուղային գիծ՝ ազդանշանային սարքավորումներով։ Դրա տարողունակությունը կկազմի տարեկան 5,5 միլիոն ուղևոր և 15 միլիոն տոննա բեռ։ Նախագիծը նախատեսում է 24 թունելի, 10 կամուրջի, 144 ստորգետնյա և 27 վերգետնյա անցումների, ինչպես նաև 480 ջրատար խողովակների կառուցում», — ասել է նախարարը։
Նա նաև ընդգծեց, որ նոր գիծը Զանգեզուրի միջանցքի մի մասն է, որը Նախիջևանը կապում է Ադրբեջանի մյուս շրջանների հետ։
«Այս ճանապարհը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև անխափան երկաթուղային կապը։ Այն կարագացնի Արևելյան և Հարավարևելյան Անատոլիայի արտադրական ներուժի մուտքը արտաքին շուկաներ, կբարձրացնի Միջերկրական ծովի զբոսաշրջային գրավչությունը, կամրապնդի Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին և Հյուսիս-Հարավ միջանցքը, ինչպես նաև կամրապնդի Եվրասիայի լոգիստիկ շղթաները։ Արդյունքում, Թուրքիան կդառնա տարածաշրջանային համագործակցության կարևոր կենտրոն, իսկ Միջին միջանցքով բեռների հոսքը զգալիորեն կաճի», — նշել է Ուրալօղլուն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում