Ապօրինի արդյունահանում պատմամշակութային հուշարձանի տարածքում. ՆԳՆ ոստիկանության բացահայտումը

1 Min Read

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն, առանց համապատասխան թույլտվության, որպես ավազահանք ապօրինի շահագործում է Խնձորեսկ գյուղի մոտ գտնվող «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձանի տարածքը:

«Ըստ տեղեկության` օգոստոսի սկզբներին, գիշերները, ընկերության աշխատակիցներն այդ տարածքում քանդել են օրական 30-40 բեռնատար ավազային զանգված, այն տեղափոխել Տեղ գյուղի վարչական տարածք, որտեղ վերամշակել և օգտագործել են որպես շինանյութ:

Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 13-ին: Սյունիքի քրեական ոստիկաններին միացան նաև մարզի պարեկներն ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներ, և ժամը 11:30-ի սահմաններում հայտնաբերվեց պատմամշակութային հուշարձանի տարածքից հանքանյութ տեղափոխող յոթ բեռնատար, որոնք տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Գորիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ չորս հոդվածի, այդ թվում՝ պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով:

Հանգամաքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

 

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով