Խաղաղությունը պահանջում է զիջումներ․ մենք այլևս զենք և փող չենք տալիս Ուկրաինային․ Ռուբիո

2 Min Read

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ներկա է եղել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ: Ռուբիոն այս մասին խոսել է Fox News-ի եթերում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ և այն անվանել է «աննախադեպ» իրադարձություն: «Մենք դեռ չենք հասել այդ նպատակին, բայց դա է այն, ինչին մենք ձգտում ենք, և այսօր մենք քննարկել ենք, թե ինչպես հասնել դրան», — ասել է Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցությունների մասին:

«Այն փաստը, որ Պուտինը ասում է՝ «Իհարկե, ես կհանդիպեմ Զելենսկու հետ», արդեն մեծ նվաճում է», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Ես չեմ ասում, որ նրանք այս հանդիպումից կհեռանան որպես լավագույն ընկերներ: Ես չեմ ասում, որ նրանք խաղաղության համաձայնագրով են գալու, բայց կարծում եմ՝ փաստն այն է, որ մարդիկ հիմա խոսելու են միմյանց հետ, ինչը տեղի չի ունեցել երեքուկես տարի»:

Ռուբիոն կրկնեց, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պետք է տարածքային զիջումներ կատարեն խաղաղության համաձայնագրի հասնելու համար. «Դա հեշտ չէ, և գուցե արդարացի չէ, բայց պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է»։ Նա ասաց, որ մանրամասները կբանակցեն Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները, և Վաշինգտոնի դերը երկու կողմերի միջև հաղորդակցությունը խթանելն է։

Ռուբիոն նաև ասաց, որ ԱՄՆ-ն աշխատում է իր եվրոպացի դաշնակիցների և այլ երկրների հետ՝ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար.

«Դա պետք է արվի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, որպեսզի Ուկրաինան ապագայում իրեն անվտանգ զգա»։

Ռուբիոն նաև ասաց, որ ԱՄՆ-ն «այլևս Ուկրաինային զենք չի տալիս, այլևս Ուկրաինային փող չի տալիս»։ Դրա փոխարեն զենքը կվաճառվի ՆԱՏՕ-ի կառույցների միջոցով և կվճարվի եվրոպական երկրների կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տանը բանակցություններից հետո, ըստ Financial Times-ի, Ուկրաինան խոստացել է 100 միլիարդ դոլարով ամերիկյան զենք գնել «անվտանգության երաշխիք ստանալու գործարքի շրջանակներում»։ Բացի այդ, Կիևը և Վաշինգտոնը կկնքեն առանձին 50 միլիարդ դոլարի գործարք՝ ուկրաինական ընկերությունների հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով