Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հարցազրույց է տվել «SKY News Arabia»-ին։ Հարցազրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է Ադրբեջանից Թուրքիայի տարածքով Սիրիա գազամատակարարմանը, Թուրքիա-Իրաք նավթատարին և Պակիստանի հետ նոր համաձայանգրեր ստորագրելուն։
Նշենք, որ Ադրբեջանից Սիրիա գազամատակարարումը սկսվել է սույն թվականի օգոստոսի 2-ից։ Բայրաքթարը նշել է, որ Ադրբեջանից Սիրիա օրական մատակարարվում է 3.4 մլն խմ գազ և մտադիր են այդ գծի թողունակությունը հասցնել 6 մլն խմ-ի։ Ըստ այդմ՝ նա նշել է, որ այս հզորությամբ Հալեպում և Հոմսում կարելի է արտադրել մոտավորապես 1200 մեգավատ էլեկտրաէներգիա։
Բայրաքթարը հայտնել է, որ ներկայումս Սիրիա է արտահանվում 281 մեգավատ էլեկտրաէներգիա ութ տարբեր միացման կետերից, և կարճ ժամանակում մտադիր են այդ թիվը հասցնել 360 մեգավատի, իսկ լրացուցիչ ներդրումների միջոցով՝ 900 մեգավատի։
Անդրադառնալով Թուրքիա-Իրաք նավթատարին՝ նախարարը նշել է, որ այդ նավթատարը, որի օրական հզորությունը կազմում է 1.5 միլիոն բարել, կես դար չի օգտագործվել ամբողջ հզորությամբ։
Նա նշել է, որ իրենք Իրաքի կառավարությանը տեղեկացրել են, որ այդ համաձայնագիրը չի բավարարում ներկայիս էներգետիկ կարիքները։ Ներկայացվել է նոր նախագիծ ու բանակցությունները շուտով կսկսվեն։ Նախարարի նշմամբ, նպատակադրվածություն կա շահագործել խողովակաշարն ամբողջ հզորությամբ։
Բայրաքթարը նաև նշել է, որ շուտով կստորագրվի համաձայնագիր Պակիստանում նախկինում ձեռք բերված նավթի և գազի հետախուզման որոշ հանքավայրերի վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում