Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Լիզ Թրասի կայացրած որոշումներից հետո մի քանի ժամ է մնացել մինչև Մեծ Բրիտանիայի «ֆինանսական Արմագեդոնը»։ Այս մասին հինգշաբթի Channel 4-ի եթերում հայտնել է Անգլիայի բանկի ղեկավար Էնդրյու Բեյլին։
«Մենք, իհարկե, հասել էինք մի կետի, երբ շուկաները շատ անկայուն էին, և դրանք եղել են հիմնական շուկաները, իսկ սա պետական պարտատոմսերի շուկան է, որը շատ առումներով ամենակարևորն է բոլորից», – ասել է Բեյլին և հավելել, որ այս իրավիճակը սկսել է ազդել կենսաթոշակային հիմնադրամների վրա, որոնք պետական պարտատոմսերի շուկայում խոշոր խաղացողներ են: «Այսպիսով, մենք ստիպված էինք արագ միջամտել, և դա անել վճռականորեն» ,- հավելել է բանկի ղեկավարը։
Նշվում է, որ Բեյլի ղեկավարությամբ Անգլիայի բանկը սկսել է ակտիվորեն գնել պետական պարտատոմսեր՝ այդ նպատակով ծախսելով 19,3 միլիարդ ֆունտ:
Հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի մինչև շուկայի հնարավոր «զանգվածային վթարը», Բեյլին ասել է, որ ըստ շուկայից ստացված հաղորդագրությունների, ժամերի մասին է խոսքը: «Դա իրական սպառնալիք էր ֆինանսական կայունության համար»,- հավելել է նա։
Հիշեցնենք, սեպտեմբերի վերջին Թրասի կառավարությունը ներկայացրեց հարկերի զանգվածային կրճատման ծրագիր: Թագավորության բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաները չափազանց ցավագին արձագանքեցին ծրագրին, ֆունտը իջավ մինչև ռեկորդային ցածր մակարդակի՝ գրեթե հավասար դոլարին, իսկ երկարաժամկետ պետական պարտատոմսերի արժեքը բարձրացավ այնպիսի մակարդակի, որին չէին հասել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր: Արդյունքում, Թրասը ստիպված էր գրեթե ամբողջությամբ հրաժարվել իր նախաձեռնություններից և պաշտոնանկ անել ֆինանսների նախարարության ղեկավար Քվազի Կվարթենգին, բայց դա չօգնեց նրան մնալ աթոռին՝ Պահպանողական կուսակցության իր գործընկերների դժգոհության պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում