Հնդկաստանի էներգետիկ ծախսերը 2026 թվականին կավելանան 9 միլիարդ դոլարով և գրեթե 12 միլիարդ դոլարով 2027 թվականին, եթե այն դադարեցնի ռուսական նավթի ներմուծումը, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն կստեղծի երկրի տնտեսության համար, ըստ Հնդկաստանի պետական բանկի (SBI) զեկույցի։
«Եթե Հնդկաստանը դադարեցնի Ռուսաստանից նավթի ներմուծումը մինչև 2026 ֆինանսական տարվա վերջը, վառելիքի ծախսերը կարող են աճել 9 միլիարդ դոլարով և 11.7 միլիարդ դոլարով 2027 ֆինանսական տարում», — նշվում է NDTV-ի կողմից մեջբերված զեկույցում։
Բացի այդ, SBI-ն կանխատեսում է, որ նման սցենարի դեպքում նավթի գինը կարող է աճել առնվազն 10%-ով։ Հնդկաստանի էներգետիկ ներմուծման ծախսերի տարեկան 12 միլիարդ դոլարի աճը լուրջ ծանրաբեռնվածություն կդառնա տնտեսության համար և կարող է ազդել բնակչության համար վերջնական գների վրա, նշել է պետական բանկը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր հնդկական ապրանքների վրա լրացուցիչ 25 տոկոս սակագնի ներդրման մասին՝ այս որոշումը ուղղակիորեն կապելով ռուսական նավթի շարունակական գնումների հետ։ Նրա խոսքով՝ Հնդկաստանին «չի հետաքրքրում, թե Ուկրաինայում քանի մարդ է սպանվում ռուսական ռազմական մեքենայի կողմից»։
Ի պատասխան՝ Նյու Դելին ափսոսանք է հայտնել Վաշինգտոնի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ նավթի ներմուծումը «հիմնված է շուկայական սկզբունքների վրա» և ուղղված է 1,4 միլիարդ բնակչություն ունեցող երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Հայտարարության մեջ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ գործողությունները անվանել է «անարդար, չհիմնավորված և անհիմն»։
Իշխանությունները խոստացել են ձեռնարկել «բոլոր անհրաժեշտ միջոցները» ազգային շահերը պաշտպանելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում