Չինաստանի ֆինանսական կարգավորիչները պարտադրել են տեղի բրոքերներին և վերլուծական կենտրոններին դադարեցնել ստեյբլքոյնների վերաբերյալ հետազոտությունների հրապարակումը և սեմինարների անցկացումը՝ հետաքրքրության աճը զսպելու նպատակով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ Չինաստանի խոշոր բրոքերական ընկերություններն ու հետազոտական կազմակերպությունները ստացել են ցուցումներ՝ չեղարկել մի շարք սեմինարներ և դադարեցնել ստեյբլքոյնների վերաբերյալ վերլուծությունների տարածումը։ Տեղական իշխանությունները մտավախություն ունեն, որ այս գործիքները կարող են օգտագործվել խարդախությունների համար մայրցամաքային շուկայում։
Չնայած նրան, որ Չինաստանում կրիպտոարժույթներով գործարքները արգելված են, երկրի իշխանությունները զարգացնում են Հոնկոնգը որպես թվային ակտիվների կենտրոն։ Քաղաքում վերջերս ընդունված օրենքը, որը կարգավորում է ստեյբլքոյնների թողարկողներին, առաջացրել է մեծ հետաքրքրություն մայրցամաքային ընկերությունների շրջանում։
Վերջին շաբաթներին Պեկինի, Սուչժոուի և Չժեցզյանի իշխանությունները նախազգուշացումներ են տարածել ստեյբլքոյնների և վիրտուալ արժույթների հետ կապված ռիսկերի վերաբերյալ։ Chainalysis ընկերության գնահատմամբ՝ Չինաստանում արտբորսայական թվային ակտիվների առևտրի ծավալը 2024 թ․ ընթացքում արդեն հասել է 75 միլիարդ դոլարի։
Հոնկոնգը արդեն լիցենզիա է տվել 11 կրիպտոբորսաների և թվային ակտիվներով զբաղվող 44 ընկերությունների, այդ թվում՝ մայրցամաքային Չինաստանից պետական մասնակցությամբ կառույցների։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում