Ընթացիկ ծախսերի հնարավոր աճը կարող է բացասաբար ազդել բյուջեի պակասուրդի և պետական պարտքի վրա. ԿԲ

2 Min Read

2023 թ. ռեկորդային արագացումից հետո, 2024 թ. և 2025 թ-ի 1-ին եռամսյակում դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերը զգալիորեն դանդաղել էին։ Այդուհանդերձ, 2025 թ. մայիս և հունիս ամիսներին զբոսաշրջիկների հոսքն էապես արագացել է՝ հասնելով պատմականորեն բարձր մակարդակի, ինչը պայմանավորվել է ինչպես ՌԴ-ից հոսքերի վերականգնմամբ, այնպես էլ այլ, ոչ ավանդական երկրներից զբոսաշրջության աճով: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունից։

Ըստ ԿԲ-ի` նմանատիպ միտումների պահպանումը կարող է համախառն պահանջարկի և հատկապես արտաքին պահանջարկի նկատմամբ զգայուն ծառայությունների գնաճի արագացման ռիսկեր պարունակել:

«Դեպի ՌԴ սեզոնային միգրացիայի միտումների և գումարի փոխանցման եղանակների շուրջ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ընթացիկ մակարդակում ռուբլու փոխարժեքի երկար պահպանումը կարող է ավելացնել ՀՀ-ից դեպի ՌԴ աշխատանքային միգրացիայի շարժառիթները: Մյուս կողմից՝ ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի վերաբերյալ բարձր անորոշությունն ու միգրացիոն քաղաքականության խստացումը կարող են որոշակիորեն զսպել դեպի ՌԴ միգրացիոն հոսքերը՝ նպաստելով ՀՀ-ում աշխատուժի առաջարկի աճին և գնաճային միջավայրի թուլացմանը:

Ներքին պահանջարկի պայմանների վերաբերյալ անորոշությունը պահպանվում է: Մի կողմից՝ ներմուծման, վարկավորման, ներքին զբոսաշրջության աճի և առանձին ծառայությունների գնաճի արագացումը վկայում են ձևավորված ներքին բարձր պահանջարկի մասին: Մյուս կողմից՝ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները կարող են համեմատաբար թույլ պահանջարկի միջավարի ձևավորման ռիսկեր պարունակել:

Պահանջարկի վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Չնայած հարկային եկամուտների ընթացիկ բարձր կատարողականին, ապագայում հարկային եկամուտների ծրագրի հնարավոր թերակատարման ռիսկերը պահպանվում են։ Սոցիալական աջակցության ծրագրերի անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընթացիկ ծախսերի հնարավոր աճը կարող է բացասաբար ազդել բյուջեի պակասուրդի և պետական պարտքի վրա:Որոշ կապիտալ ծախսերի (hատկապես՝ ճանապարհաշինական ծրագրեր) հնարավոր ավելացումը կարող է պահանջարկի հավելյալ աճի ռիսկեր պարունակել։

Միաժամանակ, կապիտալ ծախսերի թերակատարման, ինչպես նաև դրանց կառուցվածքային յուրահատկություններով պայմանավորված՝ պահանջարկի վրա ավելի թույլ ազդեցություն ունենալու ռիսկերը մնում են առարկայական», — նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով