Շինարարության ճյուղը շարունակում է արագ տեմպերով աճել, սակայն գնանկումային ռիսկերը պահպանվում են. ԿԲ

1 Min Read

2025 թ-ի 2-րդ եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվությունն ավելացել է՝ հունիսին կազմելով տ/տ 8.6%: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից։

«Տարեսկզբից որոշ կարճաժամկետ գործոնների աստիճանական թուլացման պայմաններում արդյունաբերության և առևտրի ոլորտներում նկատվել է ակտիվության դանդաղում:

Այնուամենայնիվ, արդյունաբերության ոլորտի որոշ ենթաճյուղեր շարունակում են ցուցաբերել դրական միտումներ՝ արտահայտվելով թողարկման, արտահանման, վարկավորման պահանջարկի և արտադրական կարողությունների աճով:

Այդուհանդերձ, աճը դեռևս կենտրոնացված է բարձր պահանջարկով պայմանավորված՝ շինարարության և ծառայությունների ճյուղերում, ինչը կարող է որոշակի ռիսկեր ստեղծել աճի հետագա կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Շինարարության ճյուղը շարունակում է արագ տեմպերով աճել, սակայն անշարժ գույքի գների ճշգրտման պայմաններում շինարարության ու հարակից ոլորտներում աճի, ամբողջական պահանջարկի թուլացման, և հետևաբար, գնանկումային ռիսկերը պահպանվում են:

Թեև ծառայությունների ճյուղում աճը դեռևս կենտրոնացված է որոշ ենթաճյուղերում, հատկապես վերջին ամիսներին ոլորտի այլ
ենթաճյուղերում աճի արագացումը վկայում է պահանջարկի ավելացման մասին: Աճի կառուցվածքը զգալի անորոշություն է պարունակում համախառն պահանջարկի և առաջարկի հարաբերական դիրքի տեսանկյունից: Չնայած վերջին եռամսյակների ընթացքում համախառն պահանջարկի և առաջարկի միջև անհաշվեկշռվածությունները էականորեն նվազել էին, վերջին զարգացումները մատնանշում են ավելցուկային պահանջարկի պայմանների հնարավոր ձևավորման մասին», -նշվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով