Կրեմլը փորձում է ստիպել Թրամփին հրաժարվել վերջնաժամկետից

1 Min Read

Կրեմլը փորձում է ստիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար սահմանված 10-օրյա ժամկետից։

Այս մասին հայտնել է Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը (ՊՈւԻ): Վերլուծաբանները հիշեցնում են, որ Ռուսաստանը մերժել է Թրամփի նոր վերջնագիրը: Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի կարող թելադրել խաղաղության բանակցությունների մեկնարկի պայմանները, և պատերազմը կավարտվի միայն Ռուսաստանի նպատակներին հասնելուց հետո։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի պատերազմը՝ չնայած վերջնաժամկետին: Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորման դանդաղման մասին՝ դրա պատասխանատվությունը դնելով ամերիկյան կողմի վրա։

ՊՈւԻ-ն կարծում է, որ Պեսկովի հայտարարությունները փորձ են ճնշում գործադրել Թրամփի վրա՝ հրաժարվելու վերջնաժամկետից՝ երկկողմ հարաբերությունների բարելավման դիմաց: Վերլուծաբանները նաև համոզված են, որ Կրեմլը հետաքրքրված չէ բանակցություններով և մտադիր է ձգձգել պատերազմը՝ ռազմական առավելությունների համար։

Թրամփը նախկինում խաղաղության համաձայնագրերի հասնելու վերջնաժամկետը 50-ից կրճատել էր մինչև 10 օր՝ Ռուսաստանի կողմից առաջընթացի բացակայության պատճառով։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով