Վերջին օրերին ականատես եղանք մի շարք ողբերգությունների, որոնք արձանագրվում են աշխարհի տարբեր անկյուններում։ Հիշենք հարավկորեական ողբերգությունը, որի ժամանակ 150 մարդ զոհվեց հելոուինյան հրմշտոցի արդյունքում։ ԱՄՆ-ում նորից հելոուինյան մոտիվներով արձանագրվեց հրազենային միջադեպ։ Նման օրինակները չափազանց շատ են։ Այս ամենի պատճառները խիստ խորքային են և կարող են կապված լինել մարդկանց դեպրեսիվ վիճակից։
Դեպրեսիան բարդ հիվանդություն է, որի առկայության մասին պատկերացումները խիստ տարբեր են։ Մի շարք երկրներում դրան չեն վերաբերվում պատշաճ կերպով, ինչի արդյունքում իրավիճակն է’լ ավելի է սրվում։ Դեպրեսիան ազդում է բոլոր համակարգերի վրա՝ հատկապես տնտեսական վարքագծի վրա՝ նպաստելով բավականին կտրուկ արձագանքին տնտեսությունում տեղի ունեցող փոփոխություններին։
Աշխարհում դեպրեսիայով հիվանդ 300 մլն-ից ավելի մարդ կա։ Այս թիվը միանշանակորեն խիստ նվազեցված է, քանի որ որոշ երկրներում, պայմանավորված տարբեր դրսևորումներով, նման հիվանդների հաշվառումը չափազանց ցածր որակով է արվում։ Մեր կողմից առանձնացված 31 երկրների շարքում դեպրեսիայով հիվանդների առավելագույն մասնաբաժին ունեն հետևյալ երկրների եռյակը․
Գծապատկեր 1․ Դեպրեսիայի ամենաբարձր մակարդակ արձանագրած երկրների եռյակը 2021 թ.-ին
Մոլդովայի բնակչության ընդհանուր թվաքանակի 8,1 %-ը կամ մոտ 207 հզր մարդ դեպրեսիա ունի։ Երկրորդ տեղում է Ուկրաինան, որտեղ դեպրեսիայով հիվանդների մասնաբաժինը կազմում է 6,4 %։ Այս ցանկը եզրափակում է Լիտվան՝ 6,1 % մասնաբաժնով։
Դիտարկված 31 երկրների շարքում նվազագույն դեպրեսիայի մակարդակը արձանագրվել է հետևյալ եռյակի պարագայում․
Գծապատկեր 2․ Դեպրեսիայի ամենացածր մակարդակ արձանագրած երկրների եռյակը 2021 թ․-ին
Գերմանիայի բնակչության միայն 2,5 %-ի մոտ է արձանագրվել դեպրեսիա։ Այս ցուցակի վերջին երկու հորիզոնականները պատկանում են Տաջիկստանին՝ 3,1 %, և Ղրղզստանին՝ 3,4 %։
Մեր տարածաշրջանում պատկերը հետևյալն է․
Գծապատկեր 3․ Դեպրեսիայի մակարդակը Հարավային Կովկասում 2021 թ.-ին
Առաջին հորիզոնականում է Վրաստանը, որտեղ բնակչության 5,1 %-ի մոտ առկա է դեպրեսիա։ Երկրորդ հորիզոնականում է Հայաստանը, որտեղ 2021 թ.-ի դրությամբ դեպրեսիայով հիվանդների թիվը կազմել է 142,712 մարդ կամ բնակչության 4,8 %-ը։ Մի փոքր հետ է մնում Ադրբեջանը՝ 4,2 % մասնաբաժնով։
Հետաքրքիր է ուսումնասիրել նաև Հարավային Կովկասում հարցեր լուծող երեք գերտերություններում դեպրեսիայի մակարդակը․
Գծապատկեր 4․ Դեպրեսիայի մակարդակը Հարավային Կովկասում էական դերակատարում ունեցող երկրներում 2021 թ.-ին
Այստեղ առաջին հորիզոնականում է Ռուսաստանը, որտեղ դեպրեսիայով հիվանդների թիվը 2021 թ․-ի դրությամբ կազմել է 7,8 մլն մարդ կամ բնակչության 5,5 %-ը։ Իրանում և Թուրքիայում դեպրեսիայով հիվանդների մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար՝ 4,3 % և 4,4 %։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում