Չինաստանը չի պլանավորում դադարեցնել ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից երկրորդային մաքսատուրքերի սպառնալիքների պատճառով, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունը։
Նրա խոսքով՝ Չինաստանը «կձեռնարկի էներգետիկ անվտանգության ողջամիտ միջոցներ՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա». «Մաքսատուրքային պատերազմում հաղթողներ չկան, և հարկադրանքն ու ճնշումը չեն լուծի խնդիրները»։
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը զգուշացրել էր Պեկինին, որ ռուսական նավթի հետագա գնումները, որոնք գտնվում են պատժամիջոցների տակ, կհանգեցնեն Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների վրա 100 տոկոս ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը։
Բեսենթը նաև դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Չինաստանը շարունակում է գնել իրանական նավթ, որը նույնպես գտնվում է պատժամիջոցների տակ, և Ռուսաստանին վաճառել կրկնակի նշանակության ապրանքներ, ինչը անմիջականորեն ազդում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի երկարաձգման վրա։
ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև հատկապես նշել է Կոնգրեսի կողմից քննարկվող օրինագծի կարևորությունը, որը նախատեսում է 500 տոկոս մաքսատուրքերի սահմանում ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրներից ներմուծման վրա։ «Կարծում եմ՝ ռուսական նավթ գնող բոլորը պետք է պատրաստ լինեն դրան», — ասել է Բեսենթը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում