ԱՄՆ-ն և Եվրամիությունը ստորագրել են համաձայնագիր, որի համաձայն Եվրոպան կվճարի ամերիկյան զենքի և սարքավորումների արժեքի 100%-ը, որոնք այնուհետև կբաշխվեն և կուղարկվեն հիմնականում Ուկրաինա։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին՝ Վաշինգտոնում կայացած Արհեստական բանականության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն զենք կուղարկի ԵՄ երկրներ, և նրանք, իրենց հերթին, կբաշխեն այն անդամ պետությունների միջև, որի զգալի մասը կուղղվի Ուկրաինա։
«Նրանք այս գումարը ԱՄՆ-ում ծախսելու են մեր պաշտպանական ընկերությունների վրա, իսկ մենք նրանց զենք կուղարկենք։ Նրանք կբաշխեն այն։ Անկեղծ ասած, այսպես պետք է լիներ երեք տարի առաջ», — նշել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային զենքի և սարքավորումների երկու փաթեթի վաճառքը՝ ընդհանուր 322 միլիոն դոլարով։ Մատակարարումները ներառում են, մասնավորապես, HAWK Phase III զենիթահրթիռային համակարգեր, Bradley հետևակի մարտական մեքենաներ, ինչպես նաև դրանց վերանորոգման և տեխնիկական աջակցության համար նախատեսված միջոցներ։
Սակայն, ինչպես հաղորդում է Politico-ն, Ուկրաինայի հիմնական դաշնակիցներից մեկը՝ Ֆրանսիան, հրաժարվել է մասնակցել նախաձեռնությանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկիրը կկենտրոնանա սեփական պաշտպանական արդյունաբերության ստեղծման և ներքին արտադրության զարգացման վրա, այլ ոչ թե արտասահմանից գնումներ կատարելու վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում