Ոչ բարեկամական երկրներում արտադրված ծրագրային ապահովման, այդ թվում՝ կապի ծառայությունների օգտագործման սահմանափակումները կարող են անդրադառնալ WhatsApp և Telegram մեսենջերների, ինչպես նաև փոստային ծառայությունների աշխատանքի վրա։ Այս մասին հայտարարել է Թվային տնտեսության զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահ և LiveInternet ծառայության հիմնադիր Գերման Կլիմենկոն։
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ գործարարների հետ հանդիպման ժամանակ վիդեոծառայություններով զբաղվող ընկերություններից մեկի ղեկավարը բողոքել էր, որ Zoom-ը շարունակում է աշխատել Ռուսաստանում, իսկ ռուսաստանցիները շարունակում են օգտվել դրանից։
«Կարծում եմ, որ այս պատմությունը վերաբերվում է նաև մեսենջերներին և վիդեոծառայություններին, և փոստային ծառայություններին, սրանք նույնպես կապի ծառայություններ են։ Այսինքն, տեսականորեն կարող է վերաբերվել անգամ Gmail-ին։ Թեև մենք հիշում ենք, որ հիմա Ռուսաստանի ներսում ծառայություններում գրանցումը պետք է կատարվի հայրենական փոստով»,— ասել է Կլիմենկոն։
Նախօրեին Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը առաջարկներ մշակել՝ երկրում ոչ բարեկամական երկրներում մշակված ծրագրային ապահովման օգտագործման սահմանափակումները խստացնելու վերաբերյալ։
Սահմանափակումները պետք է վերաբերեն նաև կապի ծառայություններին։ Համապատասխան միջոցառումն ուղղված է Ռուսաստանի տեխնոլոգիական ինքնիշխանության ուժեղացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում