ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունը (DEA) և Դաշնային հետաքննությունների բյուրոն (ՖԲՌ) իրականացրել են մի շարք գործողություններ, որոնց ընթացքում բռնագանձվել են ավելի քան $10 միլիոն արժողությամբ կրիպտոակտիվներ։ Ըստ ամերիկյան իրավապահների՝ այդ միջոցներն օգտագործվել են մեքսիկական Սինալոա նարկոկարտելի կողմից՝ ֆենտանիլի և մետամֆետամինի վաճառքից ստացված եկամուտները լվանալու համար։
Կրիպտոարժույթները հայտնաբերվել են թվային դրամապանակներում, որոնք կապված են կարտելի ղեկավարների հետ, այդ թվում՝ այն անձանց, ովքեր պատասխանատու են եղել միջազգային ֆինանսական գործարքների համակարգման համար։ Գործողությունների ընթացքում ձերբակալվել են մի շարք անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել՝ ԱՄՆ, Մեքսիկա և Ասիա թմրանյութերի մատակարարման կազմակերպման համար։
Կարտելը, ըստ իրավապահների, օգտագործել է կրիպտոարժույթներ՝ ենթադրաբար բիթքոյն և USDT-ի նման սթեյբլքոյններ, անանուն փոխանցումներ իրականացնելու նպատակով դեցենտրալացված հարթակների և կրիպտոբորսաների միջոցով։ Գումարները փոխանցվել են բարդ շղթաներով՝ դրանց ծագման աղբյուրը թաքցնելու համար։
DEA-ի և ՖԲՌ-ի մասնագետներին հաջողվել է հետևել թոքենների շարժին՝ օգտվելով բլոքչեյն-վերլուծության գործիքներից և այն փակ բանալիներից, որոնք ձեռք են բերվել կարտելի անդամների մոտ խուզարկությունների ժամանակ։
Նշենք, որ մի քանի օր առաջ դադարեց գործել համացանցի խոշորագույն մութ շուկայի հարթակներից մեկը՝ Abacus Market-ը, իսկ դրա օպերատորները անհետացել են՝ օգտատերերի $12 միլիոնից ավելի թվային ակտիվներով։