ԱՄՆ Արդարադատության նախարարությունը փակել է Polymarket-ի գործը․ հարթակը կարող է վերադառնալ ամերիկյան շուկա

1 Min Read

ԱՄՆ արդարադատության նախարարությունն ու վերահսկիչ մարմինները դադարեցրել են Polymarket կանխատեսումների շուկայի դեմ իրականացվող հետաքննությունները, հայտնում է Bloomberg-ը։ Հետաքննությունները սկսվել էին Ջո Բայդենի նախագահության վերջին ամիսներին և առնչվում էին կասկածների՝ կապված այն բանի հետ, որ հարթակն ընդունել է օգտատերերի խաղադրույքները ԱՄՆ-ից՝ չնայած դրա արգելքին։

Polymarket-ը ամենախոշոր դեցենտրալացված կանխատեսումների շուկան է։ Օգտատերերը կարող են խաղադրույք կատարել իրադարձությունների ելքի վրա՝ գնելով «այո» կամ «ոչ» թոքեններ՝ USDC սթեյբլքոյնով։ Թոքենի գինը շուկայում արտացոլում է հավաքական հավանականությունը. օրինակ՝ եթե «այո» թոքենը արժի $0.20, դա նշանակում է տվյալ իրադարձության 20% հավանականություն։ Հաղթող թոքենները վերադարձնում են $1, իսկ պարտվողները կորցնում են արժեքը։ Թոքենները կարելի է առևտրի ենթարկել ինչպես բորսայում։

Անցած տարվա նախագահական քարոզարշավի ժամանակ Polymarket-ի օգտատերերը ակտիվորեն խաղադրույքներ էին կատարում Դոնալդ Թրամփի հաղթանակի վրա․ միայն այդ կանխատեսման շուկայի առևտրի ծավալը գերազանցել էր $3 միլիարդը։ Քվեարկությունից հետո FBI-ն խուզարկություն էր իրականացրել նախագծի հիմնադիր Շեյն Քոպլանի տանը։ Վերջինիս մեղադրում էին շուկայի մանիպուլյացիայի և վիճակագրության խեղաթյուրման մեջ՝ Թրամփի օգտին։

Այժմ, Թրամփի վարչակազմի օրոք, Polymarket-ը քննարկում է ամերիկյան շուկա վերադառնալու հնարավորությունը։ Վերջերս նախագիծը հայտարարել է համագործակցության մասին Իլոն Մասկի X սոցիալական հարթակի և xAI ընկերության հետ, որի շրջանակում Polymarket-ի կանխատեսումները կհայտնվեն X-ում։ Ընկերությունն արդեն պատրաստվում է ավելի քան $200 մլն ներդրում ներգրավելու՝ $1 մլրդ գնահատմամբ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով