Լատինական Ամերիկայում շարունակվում են պատմական փոփոխություններ տեղի ունենալ։ Մի քանի երկրներում շարունակում են հաստատվել հակաամերիկյան կառավարություններ։ Արդյունքները ցույց են տալիս, որ իսկապես տեղի է ունենում շրջադարձ դեպի ձախ, կոմունիստական և հակաիմպերիալիստական հայացքներ։ Այս ամենը խոսում է ԱՄՆ դիվանագիտական խայտառակ պարտության մասին։
Լատինական Ամերիկայում մարդիկ շարունակ հիասթափվում են Արևմտյան տնտեսական մոդելներից, քանի որ դրանք չեն կարողանում լուծել իրենց կենսական խնդիրները՝ եկամուտների աճ, հանցագործության դեմ պայքար և այլն։
Հերթական շրջադարձի այս անգամվա հերոսը Բրազիլիան է`լատինամերիկյան մի հսկայական պետություն, որը կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում։
Բրազիլիան աշխարհի ամենամեծ կաթոլիկ պորտուգալախոս երկիրն է, որն ունի հսկայական տարածք, օգտակար հանածոներ և բազմաթիվ հարստություններ։ Բրազիլիան «ԲՐԻԿՍ» կազմակերպության անդամ է։
Երկրում նախագահական ընտրություններին իր հաղթանակն է տոնում ժամանակին բրազիլական տնտեսական հրաշքի հայրը, որի ամբողջ կյանքն անցել է պայքարի մեջ։ Բրազիլիայի նորընտիր նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, նախագահական բավականին երկար ժամկետից հետո, տարիներ շարունակ անցկացրել է բանտում` կոռուպցիոն սխեմաներում մասնակցություն ունենալու համար։ Այդուհանդերձ, խարիզմատիկ առաջնորդը չափազանց քիչ ձայների տարբերությամբ կարողացավ հաղթանակ տանել ներկայիս արևմտասեր առաջնորդի նկատմամբ։
Հետաքրքիր է հասկանալ` ինչպիսի տնտեսություն է ժառանգել Լուլա դա Սիլվան․
Գծապատկեր 1․ Բրազիլական տնտեսության վիճակը
Կարելի է ասել, որ Լուլա դա Սիլվան ստանում է բավականին լավ ժառանգություն։ Արդեն մի քանի եռամսյակ է`բրազիլական տնտեսությունն աճում է և արդեն 2022թ․-ի երկրորդ եռամսյակում հասել է աճի 3,3% մակարդակին։
Գնաճը 2022թ․-ի սեպտեմբերին հասել է այս տարվա նվազագույն մակարդակին՝ 7,2%։ Գործազրկությունը 2022թ․-ի հունիսին ևս հասել է նվազագույն մակարդակին՝ 9,3%։
Անշուշտ, ներկայիս համաշխարհային տնտեսության դանդաղեցման համատեքստում Բրազիլիայի նախկին նախագահը՝ Ժաիր Բոլսոնարուն, հսկայական աշխատանք է կատարել՝ զերծ պահելով բրազիլական տնտեսությունն աշխարհաքաղաքական խառնաշփոթից։
Ներկայումս Լուլա դա Սիլվայի համար շատ ավելի դժվար է լինելու, քանի որ նախ պետք է պահպանել ներկայիս ձեռքբերումները, բայց և, միևնույն ժամանակ, ապահովել սեփական ծրագրի բավականին պոպուլիստական դրույթների իրագործումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում