Հայաստանի ֆինանսական համակարգում դեռևս շարունակում են կարևոր դերակատարում ունենալ գրավատները։ Վերջիններս որոշակի գրավի դիմաց քաղաքացիներին տրամադրում են ֆինանսական միջոցներ։
Նկատենք, որ այս քաղաքացիներից մի քանիսն արդեն իսկ օգտվել են բանկերի վարկային բոլոր հնարավոր ծառայություններից և, օրինակ, ոսկու գրավի դիմաց գրավատները կարողանում են տրամադրել գումարներ։ Ֆինանսական այս կազմակերպությունների ճկունության պատճառով, այն չափազանց մեծ համբավ ունի հասարակության շրջանում։
Չնայած այն հանգամանքին, որ տարեցտարի գրավատների աշխատանքում ավելանում են նոր դետալներ, դրանք մեծամասամբ խոչընդոտում են գրավատների գործունեությանը։ Մասնավորապես, գրավատների համար սահմանվեցին վճարումների նոր սահմաններ, որոնք մի քանի անգամ գերազանցում էին նախկին պարտադիր վճարումների ծավալներին։
Բացի այդ՝ ներկայումս իրականացվող գործարքներից պահումներ են արվում գրավադրվող գումարի 2%-ի չափով։ Գրավատներում ներդրվել է առցանց սպասարկման համակարգ, որը ենթադրում է 80 հզր դրամը գերազանցող գումարների փոխանցումը Իդրամին կամ բանկային քարտին։ Ինչպես նկատում եք, այս ամենը է’լ ավելի է խճճել գրավադրման գործընթացը Հայաստանում։ Նույնիսկ առաջացած նոր անհարմարությունների պայմաններում գրավատները շարունակում են գործել․
Գծապատկեր 1․ Գրավատների թվաքանակի դինամիկան 2017-2021թթ․
Վիճակագրական տվյալները փաստում են, որ գրավատների թվաքանակը շարունակում է նվազել։ Մասնավորապես, 2021թ․-ին ՀՀ-ում գործունեություն ծավալող գրավատների թվաքանակը կազմել է 81 միավոր։ Վերջինս, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 10 միավորով, իսկ 2017թ․-ի համեմատ՝ 2 անգամ։
Գրավատների գործունեության կարևորագույն ցուցանիշներից են տրամադրված վարկերի և ներգրավված դրամական միջոցների ընդհանուր ծավալները․
Գծապատկեր 2․ «Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալ/ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումար» հարաբերակցության դինամիկան ՀՀ գործող գրավատներում 2017-2021թթ․
Նկատենք, որ 2021թ․-ին գրավատների կողմից տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 6,708․4 մլն դրամ։ Վերջինս նախորդ տարվա համեմատ կրճատվել է 1%-ով։
Մյուս կողմից, գրավատների կողմից ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարը 2021թ․-ին կազմել է 5,919․7 մլն դրամ։ Վերջինիս անկումը նախորդ տարվա համեմատ կազմել է 7%։ Այս պարագայում 2021թ․-ին «Տրամադրված վարկերի ընդհանուր ծավալը գերազանցել է ներգրավված դրամական միջոցների ընդհանուր գումարին 1,13 անգամ։ Այս հարաբերակցության դինամիկան, ինչպես երևում է գծապատկեր 2-ում, խիստ տատանողական է, սակայն աճման միտում ունի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում