Paramount-ը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վճարել 16 միլիոն դոլար՝ CBS News-ի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի հետ կապված դատական հայցը կարգավորելու համար, հաղորդում է The New York Times-ը:
Գումարը ներառում է դատական ծախսերը և կօգտագործվի Թրամփի ապագա նախագահական գրադարանի համար: Համաձայնագրի շրջանակներում Paramount-ը համաձայնել է հրապարակել նախագահի թեկնածուների հետ ապագա հարցազրույցների սղագրությունները: Ընկերությունը ներողություն չի խնդրի:
Թրամփը դատական հայց է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին՝ մեղադրելով CBS-ին մանիպուլյացիաների մեջ: Նրա կարծիքով, հեռուստաալիքը մոլորեցրել է հեռուստադիտողներին՝ ցուցադրելով Հարիսի պատասխանի երկու տարբերակ Իսրայելի և Համասի մասին հարցին: Նա սկզբում պահանջել է 10 միլիարդ դոլար, ապա կրկնապատկել գումարը:
Չնայած այն հանգամանքին, որ շատ փաստաբաններ դատական հայցը համարել են անհիմն, Paramount-ի ղեկավարությունը որոշել է հաշտվել՝ Skydance ստուդիայի վաճառքի նախատեսված գործարքին չխանգարելու համար, որը Թրամփը պետք է հաստատի որպես նախագահ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում