Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին դրել են լուրջ խնդրի առաջ՝ պարզել, թե արդյոք հարստացված ուրանի պաշարները ոչնչացվել են, թաղվել են փլատակների տակ, թե գաղտնի տեղափոխվել են Թեհրանի կողմից։
Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով միջազգային կառույցների աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Իրանի միջուկային նկրտումները զսպելու ծրագրերին մասնակցող տասնյակից ավելի ներկա և նախկին պաշտոնյաներ խոստովանում են, որ հարձակումները կարող էին Թեհրանի համար դառնալ «իդեալական պատյան»՝ ռազմավարական նյութերը թաքցնելու համար։ Ինչպես նշել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հարվածներից հետո գործակալությունը գործնականում կորցրել է իրանական հարստացված ուրանը հետևելու ունակությունը. խոսքը մոտավորապես 400 կգ նյութի մասին է, որը հարստացվել է մինչև 60%։
Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ երկրի միջուկային ծրագիրը հայտարարելով իր թիրախների շարքում։ Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ հարձակումներին՝ հարվածելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտներին։ Նույն օրը Իրանի կառավարության խոսնակ Հասան Աբեդինին հայտարարեց, որ օբյեկտները նախապես տարհանվել են, և ուրանի պաշարները հեռացվել են։ Նրա խոսքով՝ ճառագայթային աղտոտման սպառնալիք չկար։
Այնուամենայնիվ, Reuters-ը նշում է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների համար այժմ չափազանց դժվար կլինի փաստերը պարզել։ Նախկին գլխավոր տեսուչ Օլլի Հեյնոնենը շեշտել է, որ անհրաժեշտ կլինի նմուշներ հավաքել վնասված օբյեկտներից և շրջակա միջավայրից, ինչը շատ ժամանակ կպահանջի։ «Նյութերի մի մասը կարող է կորչել կամ հայտնվել փլատակների տակ», — նշել է նա։
Արբանյակային տվյալները, այդ թվում՝ Maxar-ից ստացված տվյալները, հաստատում են, որ բեռնատարների և սարքավորումների ակտիվություն է նկատվել Ֆորդոյի հարվածից երկու օր առաջ։ Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ իրենք որևէ հետախուզական տեղեկատվություն չունեն ուրանի հեռացման վերաբերյալ։ «Դա չափազանց դժվար կլիներ անել, ոչ ոք հարված չէր սպասում», — Fox News-ի եթերում ասել է Թրամփը։
ԱԷՄԳ-ն հիշեցնում է, որ Իրանը պարտավոր է հաղորդել հարստացված ուրանի տեղաշարժի մասին՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի։ Սակայն, ըստ Reuters-ի զրուցակիցներից մեկի, նույնիսկ հարձակումներից առաջ տեսուչները դժվարությունների են հանդիպել մուտքի և ստուգման հարցում։ «Դա իսկական կատվի և մկան խաղ կլինի», — ասում է նա։ Մասնագետները ընդգծում են, որ նույնիսկ չհաշվառված ուրանի փոքր քանակությունը մտահոգիչ է, քանի որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կարծում է, որ 400 կգ-ը բավարար է առնվազն ինը միջուկային մարտագլխիկ արտադրելու համար: Ռաֆայել Գրոսին նաև հավելել է, որ հարվածներից հետո Իրանը պահպանել է տեխնիկական հզորությունները և կարող է վերսկսել ուրանի հարստացումը մի քանի ամսվա ընթացքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում