Լեհական պետական պաշտպանական PGZ կոնցեռնը նախատեսում է հնգապատկել հրետանային արկերի արտադրությունը՝ մինչև 150,000-180,000 միավոր: Այս մասին հայտարարել է երկրի պետական ակտիվների նախարար Յակուբ Յավորովսկին Financial Times-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Լեհաստանը հնգապատկելու է հաուբիցային արկերի արտադրությունը՝ ներմուծվող զենքից կախվածությունը նվազեցնելու և արևելքում ռուսական սպառնալիքից պաշտպանվելու փորձերի ֆոնին։
«Մեր կարճաժամկետ նպատակն է զգալիորեն մեծացնել այս տեսակի զենքի արտադրությունը և անկախանալ օտարերկրյա մատակարարներից՝ ստեղծելով ազգային ինքնավարության կայուն հիմք», — ասել է Յավորովսկին։
Նրա խոսքով՝ PGZ-ն առաջիկա օրերին կստանա 663 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ արկերի արտադրությունը մեծացնելու համար, որոնց պակասը Լեհաստանի պաշտպանության համար ամենաշոշափելի խնդիրներից մեկն է: Լրացուցիչ միջոցների ներդրումը կբարձրացնի արտադրվող 155 մմ արկերի և 120 մմ տանկային արկերի ծավալը։
PGZ-ն տարեկան արտադրում է 30,000 խոշոր տրամաչափի արկ և նախատեսում է երեք տարվա ընթացքում այս թիվը հասցնել 150,000-180,000-ի։
FT-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրների շարքում Լեհաստանն ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա. 2025 թվականին այդ ռազմական կարիքների համար պետք է ծախսվի ՀՆԱ-ի 4.7%-ը։ Սակայն մինչ այժմ միջոցների մեծ մասը ծախսվել է արտասահմանյան մատակարարներին, հիմնականում՝ ԱՄՆ-ին և Հարավային Կորեային։ Այժմ Լեհաստանի կառավարությունը փորձում է իր ջանքերը կենտրոնացնել ազգային արտադրողին աջակցելու վրա։ Հրատարակությունը բացատրում է, որ այս ձգտումը համապատասխանում է Եվրոպայի քաղաքականությանը՝ նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից և պաշտպանական ոլորտի այլ արտասահմանյան մատակարարներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում