Հաքերներ, որոնք ըստ նախնական տվյալների կապ ունեն Հյուսիսային Կորեայի հետ, կոտրել են մի քանի կրիպտոնախագիծ, որոնք կապված են հայտնի նկարիչ Մեթ Ֆյուրիի հետ՝ լեգենդար «Պեպե գորտը» մեմի ստեղծողի։
Կրիպտոհամայնքում հայտնի հետաքննող ZachXBT-ի տվյալներով՝ այս հարձակումների արդյունքում ընդհանուր վնասը գերազանցել է $1 միլիոնը։ Դրանցից շուրջ $310 հազար հանվել է Replicandy, Peplicator, Hedz և Zogz հավաքածուներից, որոնք ստեղծվել էին Ֆյուրիի թիմի կողմից և թողարկվել ChainSaw հարթակի միջոցով։
Հաքերները մուտք են ստացել սմարթ-պայմանագրերին, հանել են թողարկման սահմանափակումները և մեծ քանակությամբ NFT են մինթել՝ այնուհետև վաճառելով դրանք և գործնականում զրոյացնելով արժեքը։ ZachXBT-ի խոսքով՝ հարձակումները կապվում են Հյուսիսային Կորեայից ֆրիլանս ծրագրավորողների հետ, որոնք վարձվել էին տարբեր հարթակների միջոցով։ Նրանք աշխատանքի անցնելուց հետո մուտք են ստացել պայմանագրերին և օգտագործել այդ հնարավորությունը հարձակման համար։
Նմանատիպ սխեմայով կոտրվել է նաև Favrr նախագիծը, որտեղից դուրս է բերվել ավելի քան $680 հազար։ Ընկերության տեխնիկական տնօրենը հիշատակվում է որպես հնարավոր կեղծ ֆրիլանս մշակող, որի LinkedIn պրոֆիլը ջնջվել է միջադեպից հետո։
ZachXBT-ն պնդում է, որ արձանագրել է նաև պարբերական վճարումներ հյուսիսկորեական «ֆրիլանսերներին» այլ կրիպտոնախագծերից և պատրաստվում է հրապարակել վիճակագրություն։ Նրա խոսքով՝ խնդրի մասշտաբը լրջորեն թերագնահատված է, իսկ թեկնածուների նախնական ստուգումը կօգներ խուսափել նման հարձակումներից։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում