Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է իրականացրել Համաշխարհային բանկի հետ, մասնավորապես՝ գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ: Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել հանրության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը: Նախատեսված են, մասնավորապես, հետևյալ գործողությունները՝ նախագծում և տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլն:
Հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել Կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի նպատակն է` ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը, ինչպես նաև համաձայնագրով ստեղծված հնարավորությունների և կիրառվող կանոնակարգերի մասին բիզնեսին ժամանակին տեղեկացնելու պարտավորություններին:
Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 31-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2023 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար: Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ փուլ V ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:
Հավանություն է տրվել նաև «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից կիրարկման արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Կողմերը պարտավորվում են մասնագիտացված հիմնարկություններում տեղավորված բոլոր անչափահասների համար ստեղծել բարենպաստ և հավասար պայմաններ: Անչափահասների մասնագիտացված հիմնարկություններում պահելու հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի պետության տարածքում դրանք առաջացել են: Անչափահասների տեղափոխման հետ կապված ծախսերը կրում է նրանց մշտական բնակության պետությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում