Ռուսաստանում նավթի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի․Bloomberg

2 Min Read

Ռուսական հում նավթի ծովային արտահանումը 2025 թվականի հունիսին նվազել է մինչև օրական 3,19 միլիոն բարել՝ վերջին չորս շաբաթում (մինչև հունիսի 22-ը)՝ սա ամենացածր ցուցանիշն է ապրիլի կեսերից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը։ Նվազումը կազմել է 4%՝ համեմատած նախորդ՝ հունիսի 15-ին ավարտված չորսշաբաթյա ժամանակահատվածի հետ։

Շաբաթական տվյալներն ավելի անկայուն են․ վերջին շաբաթում արտահանումը նվազել է 220,000 բարելով օրական, և սա արդեն երկրորդ անընդմեջ շաբաթն է, երբ ցուցանիշը անկում է գրանցում։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ հունիսի 22-ին ավարտված շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ 28 նավ տեղափոխել է 20,89 մլն բարել հում նավթ, մինչդեռ մեկ շաբաթ առաջ 30 նավ էր փոխադրել 22,42 մլն բարել։

Վերլուծաբանները ենթադրում են, որ այս միտումը կարող է ժամանակավոր լինել և մասնակիորեն պայմանավորված է Խաղաղօվկիանոսյան Կոզմինո նավահանգստի երեքօրյա կանգառով՝ տեխնիկական սպասարկման պատճառով։ Սակայն Բալթյան Պրիմորսկ նավահանգստում արտահանման դանդաղումը դժվար է բացատրել, քանի որ այնտեղ նման աշխատանքներ չեն իրականացվել։

Չնայած արտահանման ծավալների անկմանը, գների աճը մասամբ կոմպենսացրել է կորուստները։ Մոսկվայի արտահանած նավթի համախառն եկամուտը մեկ ամսում աճել է ընդամենը 2%-ով՝ կազմելով շաբաթական $1,31 միլիարդ։

Միևնույն ժամանակ, հունիսի 22-ին ավարտված շաբաթվա ընթացքում ռուսական հում նավթի միջին գինը հասել է վերջին հինգ ամիսների առավելագույնին։

  • Urals տեսակի նավթը թանկացել է $6,70–6,80-ով՝ հասնելով մոտ $65 բարելի համար,

  • ESPO (Արևելյան Սիբիրի) նավթը թանկացել է $6,20-ով՝ հասնելով $69,32 բարելի համար։

Նավթի գները միջազգային շուկայում կտրուկ աճել են՝ պայմանավորված Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրմամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի հարվածներով Իրանի միջուկային օբյեկտներին։ Այդ գործողություններից հետո Brent տեսակի նավթի գինը մեկ տարվա մեջ առաջին անգամ գերազանցել է $80՝ բարելի համար։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով