Հունգարիան և Սլովակիան չեն աջակցել հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը Բրյուսելում կայացած արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա նշել է, որ ԵՄ երկրները խոչընդոտել են պատժամիջոցները՝ ի պատասխան Բրյուսելի՝ Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը աստիճանաբար դադարեցնելու ծրագրերի։
«Այսօր Սլովակիայի հետ մենք կանխեցինք պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունումը, քանի որ այս դեպքում ԵՄ երկրներին, այդ թվում՝ Հունգարիային և Սլովակիային, կարգելվի ռուսական բնական գազ և էժան նավթ գնել», — լրագրողներին ասել է նա։
Այսօր Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանդիպում, որտեղ քննարկվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ 18-րդ փաթեթը կազմելու առաջարկը ներկայացրել է Եվրահանձնաժողովը։ Փաթեթում առաջարկվում է ներառել սահմանափակումներ ռուսական «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վրա, ինչպես նաև ռուսական նավթի գնի առաստաղը 60 դոլարից իջեցնել մինչև 45 դոլար մեկ բարելի համար։ Պատժամիջոցների կարող են ենթարկվել նաև ևս 77 նավ, որոնք կազմում են Ռուսաստանի ստվերային տանկերների նավատորմը։
Մայիսի 20-ին ԵՄ-ն հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը, որը ներառում է 189 նավ, 75 ֆիզիկական և իրավաբանական անձինք, այդ թվում՝ «Սուրգութնեֆտեգազ»-ը, «Ռոստեխ»-ը, «Ստանի հոլդինգ»-ը, «ՎՍԿ» ապահովագրական ընկերությունը, «Ատլաս Մայնինգ» ոսկու արդյունահանման ընկերությունը և «ԿԱՄԱԶ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում