Թրամփի ընտանիքը կրճատել է իր բաժինը World Liberty Financial կրիպտոնախագծում

2 Min Read

Դոնալդ Թրամփի ընտանիքը կրճատել է իր բաժնեմասը World Liberty Financial կրիպտոնախագծում՝ 60%-ից մինչև 40%, հաղորդում է Forbes-ը՝ հղում անելով նախագծի կայքում տեղադրված թարմացված տվյալներին։ Փոփոխությունները կատարվել են առանց պաշտոնական հայտարարության կամ հանրային ուշադրության։ Սա տարվա ընթացքում արդեն երկրորդ կրճատումն է․ հունվարին DT Marks DEFI LLC ընկերության (որը Թրամփերի վերահսկողության տակ է) բաժնեմասը 75%-ից նվազել էր մինչև 60%։

World Liberty Financial նախագիծը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին, Թրամփի նախընտրական արշավի ընթացքում։ Այն առաջարկում էր սահմանափակ լիկվիդայնությամբ թոքեններ, և սահմանված էր, որ $30 միլիոնից բարձր եկամուտի 75%-ը կփոխանցվի Թրամփին և նրա ընտանիքի անդամներին։ Նախագծի գործարկման պահից արդեն վաճառվել է ավելի քան $550 միլիոնի թոքեն, ինչը այն դարձնում է կրիպտոշուկայում խոշորագույն թոքենսեյլներից մեկը։

DT Marks DEFI LLC-ն ի սկզբանե պատկանում էր անձամբ Դոնալդ Թրամփին, սակայն հետագայում ընկերության բաժնեմասեր փոխանցվել են նրա որդիներին։ 2024 թվականին գրանցվել են նոր ընկերություններ՝ DJT Jr DEFI, ET DEFI և BWT DEFI, որոնք անվանակոչված են համապատասխանաբար Դոնալդ Թրամփ Կրտսերի, Էրիկ Թրամփի և Բարրոն Թրամփի սկզբնատառերով։

Forbes-ի գնահատմամբ, եթե բաժնեմասի կրճատումը տեղի է ունեցել վաճառքի միջոցով, Թրամփի ընտանիքը կարող էր ստանալ մինչև $190 միլիոն, որից մոտ $135 միլիոնը՝ հենց նախագահ Թրամփը։

Trump Organization-ը և World Liberty Financial նախագիծը չեն մեկնաբանել բաժնեմասի փոփոխությունը։ Forbes-ի կարծիքով՝ նախագծում բաժնեմասի բացահայտ վաճառքը կարող էր բացասաբար ազդել մնացած թոքենների արժեքի վրա։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով