Չինաստանի հողի վաճառքից ստացվող եկամուտները նվազել են մինչև վերջին տասը տարվա ամենացածր մակարդակը, ինչն էլ նպաստել է բյուջետային դեֆիցիտի աճին։ Bloomberg-ի տվյալներով՝ անցած ամիս հողի վաճառքից եկամուտներն անկում են ապրել 14,6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հասնելով 194,1 միլիարդ յուանի (27 միլիարդ դոլար)։ Սա ամենացածր ցուցանիշն է 2015 թվականի մայիսից ի վեր։
Գործակալության համաձայն՝ այդ նվազումը հանգեցրել է պետության ընդհանուր եկամուտների կրճատմանը, որոնք այս տարվա առաջին հինգ ամիսներին կազմել են 11,2 տրիլիոն յուան։
Միևնույն ժամանակ պետական ընդհանուր ծախսերն աճել են մինչև 14,5 տրիլիոն յուան, քանի որ իշխանությունները փորձել են խթանել տնտեսական աճը, ինչի արդյունքում բյուջեի դեֆիցիտը կազմել է 3,3 տրիլիոն յուան։
Հողի վաճառքի անկումը ընդգծում է անշարժ գույքի շուկայի շարունակական թույլ վիճակը, ինչը շարունակում է մնալ Չինաստանի տնտեսությունը սահմանափակող հիմնական ներքին գործոնը, գրում է Bloomberg։ Դա բացասաբար է ազդում նաև տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսների վրա՝ սահմանափակելով նրանց՝ տնտեսության խթանման նպատակով ներդրումները ավելացնելու հնարավորությունները։
Goldman Sachs Group Inc.-ի տնտեսագետների գնահատմամբ.
«Մենք հաստատում ենք մեր կանխատեսումը, որ այս տարի պետական հողի վաճառքից եկամուտները կարող են նվազել ևս 5−10%-ով, և շարունակում ենք համարել, որ շինարարությունն ու անշարժ գույքի ներդրումները դեռ չեն հասել իրենց նվազագույն կետին»։