Իսպանական Inditex ընկերությունը (որի բրենդների թվում են Zara‑ն, Massimo Dutti‑ն, Pull&Bear‑ը և այլք) ներկայումս չունի համապատասխան պայմաններ Ռուսաստանի շուկա վերադառնալու համար, հայտարարեց գլխավոր տնօրեն Օսկար Գարսիա Մասեյրասը։ Financial Times‑ի հարցին, թե ինչ դեպքում ընկերությունը կարող է կրկին գործել Ռուսաստանում, նա պատասխանեց.
«Այդ պայմանները հաստատ այն չեն, որոնք ունենք այժմ»։
Մասեյրասը ընդգծեց, որ ցանկացած որոշում վերադարձի մասին կընդունվի միայն «ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում»։ Ներկայում, ըստ նրա, պայմանները միանշանակ անբարենպաստ են։
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ակտիվորեն քննարկվում է արտասահմանյան բիզնեսի՝ Ռուսաստան վերադառնալու հարցը։ Ինչպես նշեց ՌԴ ֆինանսների փոխնախարար Իվան Չեբեսկովը, հեռացած ընկերություններից ակտիվների հետ գնելու դիմումներ առայժմ չեն ստացվել։
Միաժամանակ նա և մի շարք այլ ռուս պաշտոնյաներ շեշտեցին, որ վերադառնալու դեպքում կվերլուծեն, թե ինչպես են այդ ընկերությունները լքել ռուսական շուկան․ այդ պայմանը ավելի վաղ սահմանել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում