ՀՀ պետական վերաhսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրենի և միաժամանակ «Սևան ակվա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը ժամանակավոր զբաղեցրած անձը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն: Մասնավորապես՝ ներքին իրավական ակտերով սահմանված ապրանքային արժեքից և անգամ կիրառված զեղչերից ցածր արժեքներով իրացրել է «Սևան ակվա» ՓԲԸ-ին պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իր տնօրինմանը վստահված շուրջ 170 մլն ՀՀ դրամ գումարը: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարել տարբեր ժամանակահատվածներում «Սևան ակվա» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի և գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձինք, ովքեր, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով նախատեսվածից ցածր արժեքներով իրացրել են ընկերությանը պատկանող ձկնատեսակներ՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրենց տնօրինմանը վստահված ընդհանուր 77 մլն ՀՀ դրամ գումարը:
Վերը նկարագրված գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 247 մլն ՀՀ դրամի վնաս, որի մի մասը վերականգնվել է մեղադրյալներից մեկի կողմից: Մյուս մեղադրյալներին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա կիրառվել է արգելանք:
Նախաքննության ընթացքում վերը նշված երեք անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի տարբեր մասերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում