Հայաստանի իշխանությունները հետևողականորեն շարունակում են բարդացնել հայ-ռուսական հարաբերությունները։ Հարց է առաջանում՝ արդյոք պահը ճիշտ է ընտրված։
Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կտրուկ քայլեր են արվում, սակայն մեր կարծիքով իշխանությունները պլան «Բ» չունեն։ Ռուսաստանի արտգործնախարարի ներկայացուցիչն արդեն իսկ Հայաստանին սպառնում է պատասխան գործողություններով։
Բացի այդ՝ ռուսական իշխանությունները հայտարարում են հայանպաստ դիրքորոշման մասին, սակայն արդյունքում, ինչպես տեսնում է հանրությունը, աջակցության մեծ բաժին ունի Ադրբեջանը։
Այս ամենը խոսում է հայկական դիվանագիտության կատարյալ բացակայության մասին, որը շատ թանկ կարող է արժենալ մեր պետության և մեր ժողովդրի համար։ Հայաստանը պատրաստ չէ ռուսական վեկտորի փոփոխությանը. Արևմուտքի բանավոր խոստումները բավարար չեն «աքլորանալու» համար։
Հատկապես ցավալի է լինելու ՌԴ հարվածը ՀՀ արտաքին հատվածին, որն առաջին հերթին նկարագրվում է արտահանման և ներմուծման ցուցանիշներով․
Գծապատկեր 1․ ՀՀ արտահանման և ներմուծման ծավալները` 2022թ․-ի հունվար-օգոստոսին
Նկատենք, որ 2022թ․-ի հունվար-օգոստոսին, 2021թ․-ի հունվար-օգոստոսի համեմաստ, ՀՀ արտահանման ծավալներն աճել են մոտ 53 %-ով՝ կազմելով 2,923,309,300 դոլար։ Ներմուծման ծավալները հաստատվել են 4,899,963,900 դոլար՝ 2021թ-ի հունվար-օգոստոսի համեմատ աճելով մոտ 58%-ով։
Հայաստան-Ռուսաստան արտահանման և ներմուծման ծավալները 2022թ․-ի հունվար- օգոստոսին արձանագրել են հետևյալ արդյունքները․
Գծապատկեր 2․ Ռուասատան-Հայաստան արտահանման և ներմուծման ծավալները 2022թ․-ի հունվար-օգոստոսին
Հայաստանի արտահանումը Ռուսաստան 2022թ․-ի հունվար-օգոստոսին կազմել է 1,062,237,600 դոլար։ Վերջինս, 2021թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ, աճել է 2 անգամ։ Ռուսաստանից ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, կազմել են 1,674,969,200 դոլար, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ 1,597,935,400։
2021թ․-ի հունվար-օգոստոսի համեմատ` 2022թ․-ի հունվար-օգոստոսին դեպի Ռուսաստան ներմուծման ծավալները, ըստ արտահանող երկրի, աճել են մոտ 45%-ով, իսկ ըստ ապրանքի ծագման երկրի՝ մոտ 59%-ով։
Եվ այս ամենի մեջ ամենակարևոր հանգամանքը հետևյալն է․
Գծապատկեր 3․ ՌԴ մասնաբաժինը ՀՀ արտահանման և ներմուծման ծավալների մեջ 2022թ․-ի հունվար-օգոստոսին
Փաստացի ստացվում է, որ ՀՀ արտահանման 38%-ը պատկանում է միայն մեկ երկրի՝ Ռուսաստանին։ Ներմուծման դեպում նույն պատկերն է․ արտահանող երկրի պարագայում Ռուսաստանի մասնաբաժինը մոտ 36% է, իսկ ապրանքի ծագման երկրի պարագայում՝ 34%։
Տնտեսության նման կառուցվածքի կայացումը մեկ-երկու տարվա աշխատանք չէ, այլ տասնյակ տարիների տնտեսության անարդյունավետ կառավարման արդյունք է։ Լավ կլիներ, որ ՀՀ արտաքին առևտուրն առավել դիվերսիֆիկացված լիներ և չհայտնվեր մեկ երկրի ձեռքում։
Ընդ որում՝ Ռուսաստանի հետ արտահանման և ներմուծման գործընթացներում ներմուծվում և արտահանվում են ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակության ապրանքներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում