ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները նոր առևտրային սահմանափակումների մասին հանգեցրել են ամերիկյան արժույթի ևս մեկ անկման։
Լոնդոնի ICE բորսայում ԱՄՆ դոլարի ինդեքսը 2025 թվականին երկրորդ անգամ թարմացրել է իր եռամյա նվազագույն մակարդակը՝ 0.81%-ով անկում ապրելով մինչև 97.789 կետ, ըստ TradingView-ի տվյալների։ Վերջին անգամ այս մակարդակի վրա ինդեքսը եղել է 2022 թվականի մարտի 31-ին։
Երևանի ժամանակով ժամը 16:13-ի դրությամբ ինդեքսը մասամբ վերականգնել է իր անկումը և կազմել 97.877 կետ (-0.72%)։ Դոլարի ինդեքսը ցույց է տալիս ամերիկյան արժույթի հարաբերակցությունը վեց համաշխարհային արժույթների՝ եվրոյի, իենի, ֆունտի, կանադական դոլարի, շվեդական կրոնայի և շվեյցարական ֆրանկի հետ։
Դոլարի անկումն ավելի է սրվել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է առաջիկա շաբաթներին առևտրային գործընկերներին նոր սակագնային դրույքաչափերով նամակներ ուղարկելու ծրագրերի մասին։ Հաջորդ ամիս ավարտվում է այսպես կոչված «փոխադարձ» սակագների 90-օրյա դադարը։
Ըստ Financial Times-ի՝ Թրամփի հայտարարությունից հետո դոլարը արժույթների զամբյուղի նկատմամբ 0.8%-ով անկում ապրեց։
Առևտրային սպառնալիքներից բացի, դոլարի վրա ազդեց նաև ԱՄՆ-ում սպասվածից ցածր գնաճը, որը ճանապարհ բացեց Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների հնարավոր իջեցման համար։ Միաժամանակ, Եվրոպական կենտրոնական բանկը ազդարարեց տոկոսադրույքների իջեցման ցիկլի հնարավոր ավարտի մասին, որը նպաստեց եվրոյի աճին։
Վերլուծաբանների կարծիքով՝ առևտրային լարվածության աճը շարունակում է ճնշում գործադրել դոլարի վրա։
«Թրամփի մեկնաբանությունը վկայում է առևտրային լարվածության նոր սրման մասին՝ պաշտոնական վերջնաժամկետից առաջ», — ասել է MUFG-ի ավագ արժութային վերլուծաբան Լի Հարդմանը։
Aviva Investors-ի ավագ տնտեսագետ Վասիլիոս Գիոնակիսը հավելեց, որ «ԱՄՆ դոլարի թուլացումը դեռևս զգալի տեղ ունի շարունակվելու»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ապրիլի 2-ին Թրամփն արդեն հայտարարել էր 185 երկրներից և տարածքներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքերի ներդրման մասին։
Սա հանգեցրեց դոլարի ինդեքսի մի շարք տատանումների. հունվարին տեղական առավելագույն՝ 110.176 կետից այն հետևողականորեն անկում ապրեց՝ պարբերաբար վերականգնելով իր կորուստների մի մասը: Վերջին կտրուկ անկումը տեղի ունեցավ ապրիլին, երբ այն իջավ 100 կետից ցածր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում