Ինչպիսին է պատկերը ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում տեղի է ունենալու նշանակալի մի իրադարձություն։ Մասնավորապես, Team, NVIDIA  և Firebird ընկերությունները հայտարարել են տարածաշրջանային ԱԲ (AI) սուպերհամակարգչային կենտրոն կառուցելու՝ $500 մլն արժողությամբ մեգանախագծի մասին։ Անշուշտ, մտահղացումը բավականին խոստումնալից է, սակայն արդյո՞ք Հայաստանը պատրաստ է նման խոշոր նախագծերի իրականացմանը։

Նկատենք, որ նմանօրինակ կենտրոնների ստեղծումը պահանջում է թե՛ մասնագետների, թե՛ տարատեսակ ռեսուրսների առկայություն։ 

Այս հայտարարությունների համատեքստում հետաքրքրիր է ուսումնասիրել պատկերը ՀՀ տեղեկատվական տեխոնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում 2025թ․ առաջին եռամսյակում․

2025թ․ առաջին եռամսյակում էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրության ծավալները կազմել են ֏ 0․05 մլրդ՝ 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ նվազելով  շուրջ 35%-ով։

Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաորդակցության բնագավառում կիրառվող սարքավորանքի մեծածախ առևտրի ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում կազմել են շուրջ ֏102 մլրդ՝ 2024թ․ առաջին եռամսյակի համեմատ նվազելով մոտ 5%-ով։

2025թ․ առաջին եռամսյակում «Համակարգչային ծրագրերի հրատարակություն», «Հեռահաղորդակցություն», «Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում», «Տվյալների մշակում, ցանցում տեղեկատվության տեղաբաշխում և հարակից գործունեություն, վեբ-պորտալների հետ կապված գործողություններ»,  «Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում» ոլորտներում մատուցված ծառայությունների ծավալները 2025թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են շուրջ 19%-ով՝ կազմելով մոտ ֏ 182 մլրդ։

Ամփոփելով` փաստենք, որ որքան էլ ծառայությունների մատուցումը առաջնահերթ է, առանց բարձր տեխնոլոգիական արտադրության դժվար է խոսել տեխնոլոգիական հսկայական փոփոխություններին պատրաստ լինելու մասին։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, արտադրության մասով 2025թ․ առաջին եռամսյակում 2024թ․ նույն եռամսյակի համեմատ ունենք բավականին շոշափելի անկում։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով