ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանից նավթ և գազ գնել

2 Min Read

2024 թվականին ԵՄ երկրները Ռուսաստանից ներմուծել են 21.3 միլիարդ եվրոյի նավթ և գազ, որը կազմում է Ռուսաստանից ԵՄ-ի բոլոր ներմուծումների 59.1%-ը։

Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չնայած, ռուսական նավթի և գազի հիմնական ստացողներն էին Հունգարիան (21.8%), Սլովակիան (15.8%) և Ֆրանսիան (14.5%)։

Էներգիայից բացի, ԵՄ-ն Ռուսաստանից գնել է մետաղներ (ընդհանուր ներմուծման 15%-ը) և քիմիական արտադրանք (9.6%)։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը 2024 թվականին հիմնականում ներառել է դեղագործական արտադրանք (8.9 միլիարդ եվրո կամ 28.1%), քիմիական նյութեր (13.9%), սնունդ և կերեր (9.5%)։

Ընդհանուր առմամբ, երեք տարվա ընթացքում՝ 2021-ից 2024 թվականներին, Ռուսաստանից ԵՄ ապրանքների ներմուծումը նվազել է 78%-ով՝ 163.6 միլիարդ եվրոյից հասնելով 36 միլիարդ եվրոյի։ Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից Ռուսաստան արտահանումը նվազել է 64.6%-ով՝ 89.2 միլիարդ եվրոյից հասնելով 31.6 միլիարդ եվրոյի։

Գերմանիայում առևտրաշրջանառության մեջ գրանցվել է ավելի զգալի անկում։ 2024 թվականին Ռուսաստանից Գերմանիա ներմուծումը 2021 թվականի համեմատ նվազել է 94.6%-ով՝ հասնելով 1.8 միլիարդ եվրոյի։ Գերմանիայից Ռուսաստան արտահանումը նվազել է 71.6%-ով՝ հասնելով 7.6 միլիարդ եվրոյի։ Այսպիսով, անցյալ տարվա վերջին Գերմանիան Ռուսաստանի հետ արձանագրել է ռեկորդային դրական առևտրային հաշվեկշիռ. Ռուսաստանի Դաշնություն արտահանումը 5.8 միլիարդ եվրոյով գերազանցել է ներմուծմանը։

Ռուսաստանից Գերմանիա արտահանման հիմնական ապրանքներն էին մետաղները (42.3% կամ գրեթե 0.8 միլիարդ եվրո), քիմիական արտադրանքը (24.7%) և սննդամթերքը՝ կերի հետ միասին (15.2%)։ Գերմանիան, իր հերթին, Ռուսաստան է արտահանել դեղագործական արտադրանք (30.6% կամ 2.3 միլիարդ եվրո), քիմիական արտադրանք (13.9%) և հաստոցներ (11.9%)։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով