Որքա՞ն է կազմում ՀՀ արտաքին պարտքը և ովքե՞ր են ՀՀ հիմնական վարկատուները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Արտաքին պետական պարտքի ծավալները 2025թ․ մարտի վերջի դրությամբ կազմել են $6․98 մլրդ. 2024թ․ դեկտեմբերի վերջի համեմատ աճել է 8․2%-ով։ Արտաքին պետական պարտքի շուրջ 72%-ը պատկանում է վարկային և փոխառության պայմանագրերով ձևավորված պարտքի ծավալներին, որը 2025թ․ մարտի վերջի դրությամբ կազմել է $4․99 մլրդ։ Այս ծավալներում 77% մասնաբաժին ունեն բազմակողմանի վարկային ծրագրերը, 23%` երկկողմանի վարկային ծրագրերը, և 0․2%՝ առևտրային բանկերից ստացված վարկերը։ 

Նկատենք, որ  բազմակողմանի վարկային ծրագրերով ձևավորված արտաքին պարտքի ծավալները 2025թ․ մարտի վերջին 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ նվազել են 0․4%-ով, երկկողմանի վարկային ծրագրերով ձևավորված պարտքի ծավալներն աճել են 0․4%-ով, իսկ առևտրային բանկերից ստացված վարկերի միջոցով ձևավորված վարկերի ծավալները նվազել են 5․2%-ով։

Ովքե՞ր են ՀՀ հիմնական վարկատուները․

Ինչպես ցույց են տալիս հաշվարկները, բազմակողմանի վարկային ծրագրերով ձևավորված պարտքի ծավալներում 28% մասնաբաժին ունի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, 26%՝ Ասիական զարգացման բանկը, և 17%` Զարգացման միջազգային ընկերակցությունը։

2025թ․ մարտի վերջին 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասով ձևավորված արտաքին պարտքի ծավալներն աճել են 3․4%-ով, իսկ Եվրամիության մասով՝ 3․2%-ով։

Երկկողմանի վարկային ծրագրերով ձևավորված արտաքին պարտքի ծավալներում 41% մասնաբաժին ունի Գերմանիան (KFW), 27.1%` Ֆրանսիան, և 19․1%՝ ՌԴ-ն։ Նկատենք, որ  2025թ․ մարտի վերջին 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ Ֆրանսիայի մասով արտաքին պարտքի ծավալներն աճել են 3․4%-ով:

Առևտրային բանկերից ստացված վարկերի միջոցով ձևավորված արտաքին պարտքի ծավալներում մոտ 64% մասնաբաժին ունի ավստրիական Էռստե բանկը /Erste Bank/, իսկ 31% մասնաբաժին՝ ավստրաիական Ռայֆազն բանկը։ Բելգիական ԿԲՍ բանկի մասնաբաժինն առևտրային բանկերից ստացված վարկերի միջոցով ձևավորված պարտքի ծավալներում կազմել է 5․9%: Վերջինիս մասով ձևավորված արտաքին պարտքի ծավալները 2025թ․ մարտի վերջին 2024թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ աճել են 3․1% -ով։ 

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով