ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կշարունակեն առևտրատնտեսական բանակցությունները։
Bloomberg-ը, աղբյուրներին հղում անելով, գրում է` նախորդ օրը քննարկումները տևել են ավելի քան վեց ժամ։ Բանակցությունները կվերսկսվեն Լոնդոնի ժամանակով ժամը 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին)։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հունիսի 9-ին կայացած բանակցությունները որակել է «լավ», իսկ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը՝ «արդյունավետ»։ ԱՄՆ պատվիրակության կազմում է նաև առևտրային բանակցող Ջեյմիսոն Գրիրը։
Չինական կողմը գլխավորում է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենգը։ Բանակցությունների առաջին օրվանից հետո նա լրագրողների հետ չի խոսել։
Երկու երկրների միջև առևտրատնտեսական խորհրդակցությունների մեխանիզմը ստեղծվել է մայիսի 10-11-ին Ժնևում կայացած հանդիպումից հետո։ Այդ ժամանակ կողմերը համաձայնության էին եկել մասնակիորեն կրճատել փոխադարձ մաքսատուրքերը, որոնց ծավալը մինչև մայիս գերազանցել էր 100%-ը։
Հունիսի 5-ին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել արագացնել բանակցությունների նոր փուլը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում