Հոկտեմբերի 27-ի երեկոյան Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը դարձել է Twitter-ի նոր ղեկավարը։ Նա արդեն հասցրել է աշխատանքից հեռացնել սոցցանցի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին։ Նրանք լքել են ընկերության գլխավոր գրասենյակը Սան Ֆրանցիսկոյում։
Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով Twitter-ի իր աղբյուրները։ The Washington Post-ի տեղեկություններով, գործարքը կնքվել է 44 միլիարդ դոլարով։ Նշվում է, որ նոր սեփականատերը նաև ազատել է իրավաբանական քաղաքականության, վստահության և անվտանգության պատասխանատու Վիջայա Գադդեին և գլխավոր իրավախորհրդատու Շոն Էդջեթին։ Նրանց «հապճեպ դուրս են ուղեկցել» շտաբից։

Հոկտեմբերի 28-ին սպասվում է կորպորատիվ ընդհանուր ժողով։ Երեկ Մասկն արդեն փոխել է պրոֆիլի նկարագրությունը սոցիալական մեդիայի իր օգտահաշվում՝ դառնալով Chief Twit: Նա նաև այցելել է Twitter-ի կենտրոնակայան։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Մասկին ձեռքբերման կապակցությամբ․
«Շնորհավորում եմ Իլոն Մասկին Twitter-ի ձեռքբերման կապակցությամբ… Ինձ տեղեկացրեցին, որ իմ հաշիվը կվերականգնվի և կակտիվանա երկուշաբթի օրը։ Տեսնենք»,- ասված է պետության նախկին ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Twitter-ի գովազդատուներն արդեն սկսել են անհանգստանալ, որ Մասկը կվերականգնի Թրամփի արգելափակված հաշիվը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում