Ամերիկյան ավտոարտադրողները և նրանց մատակարարները քննարկում են արտադրության մի մասը Չինաստան տեղափոխելու հնարավորությունը։
Պատճառը Պեկինի կողմից հազվագյուտ հողային մետաղների (ՀՀՄ) արտահանման կասեցումն է, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ընկերությունները վախենում են, որ ընդամենը մի քանի շաբաթից որոշ մոդելների արտադրությունը կվտանգվի անհրաժեշտ բաղադրիչների պակասի պատճառով։ Մեկ տարբերակ է սկսել էլեկտրական շարժիչների հավաքումը չինական գործարաններում կամ ԱՄՆ-ից Չինաստան ուղարկել պատրաստի շարժիչներ՝ հազվագյուտ հողային համաձուլվածքներից պատրաստված մագնիսներ տեղադրելու համար։ Մինչ այժմ սահմանափակումները վերաբերում են միայն մագնիսներին, բայց ոչ պատրաստի մասերին։
Ինչպես նշում է WSJ-ն, աշխարհի ՀՀՄ մատակարարումների 90%-ը գալիս է Չինաստանից։ Այս նյութերը կարևոր են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության համար՝ սմարթֆոններից մինչև F-35 կործանիչներ։ Հազվագյուտ հողային մագնիսներով էլեկտրական մեքենաները կարող են հասնել բարձր արագությունների և պահպանել ֆունկցիոնալությունը ծայրահեղ ջերմաստիճաններում։
Ապրիլի 14-ին, ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սրմանը ի պատասխան, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին մի շարք հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների արտահանման ժամանակավոր կասեցման մասին։ Պեկինը հայտարարեց արտահանման վերահսկողության նոր համակարգի մշակման մասին: Երկրի շատ նավահանգիստներում մատակարարումները սահմանափակվել էին։
Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել էր 185 երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Չինաստանի նկատմամբ մաքսատուրքը կազմել է 125%, իսկ արդեն գործող սահմանափակումները հաշվի առնելով՝ ընդհանուր դրույքաչափը հասել է 145%-ի: Ի պատասխան՝ Պեկինը նույնպես բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%:
Մայիսի 10-11-ին Շվեյցարիայում բանակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև, որոնց արդյունքում կողմերը համաձայնել են մայիսի 14-ից փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Այնուամենայնիվ, հազվագյուտ մետաղների հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում