Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության (Remote Membership) մոդելը, որն ուղղված է ապահովելու օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի և արտարժույթի առևտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։
Այս փոփոխությունը կարևոր և ռազմավարական քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ այն բացում է ևս մեկ պատուհան օտարերկրյա ընկերությունների համար՝ խթանելով միջազգային կապիտալի ներհոսքը Հայաստան և բարձրացնելով մեր շուկայի տեսանելիությունն ու հասանելիությունը համաշխարհային ներդրումային համայնքի համար։ Հեռավար մասնակցության միջոցով օտարերկրյա բրոքերները կարող են անմիջապես իրենց երկրից մասնակցել պետական պարտատոմսերի առևտրին և արտարժույթի շուկային՝ լրիվ նախնական դեպոնացմամբ։
Հեռավար մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն օտարերկրյա բրոքերները, որոնք բավարարում են Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոններով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, եթե տվյալ ներդրումային ընկերությունը գրանցված է այն պետությունում, որի արժեթղթերի շուկայի կարգավորումը և/կամ վերահսկողությունն իրականացնող մարմնի հետ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցում է՝ ըստ հուշագրի կամ նմանատիպ փաստաթղթի։ Եթե բրոքերը գործունեություն է իրականացնում իր գրանցման երկրից տարբերվող օտարերկրյա պետությունում, ապա համագործակցությունը պետք է առկա լինի նաև տվյալ երկրի կարգավորող մարմնի հետ։ Համագործակցությունը համարվում է առկա նաև, եթե երկրի արժեթղթերի շուկայի կարգավորող մարմինը միացած է IOSCO-ի բազմակողմ փոխըմբռնման հուշագրին։ Կանոնին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոնում։
Հեռավար մասնակցության մոդելը առաջին անգամ կիրառվեց մայիսի 30-ին գործարկված Tabadul hub-ին միանալու շրջանակում։ Առաջին անգամ, Հայաստանի ֆոնդային բորսան՝ Հեռավար մասնակցության մոդելի և Tabadul հարթակի ներդրմամբ, օտարերկրյա բրոքերային ընկերություններին և ներդրողներին հասանելի դարձրեց AMXTrader առևտրային համակարգի պետական պարտատոմսերը և արտարժույթի շուկայի հարթակը։
Tabadul հարթակի ներդրման շրջանակում Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը՝ տեղակայված Աբու Դաբիում, դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին հեռավար անդամը և ստացավ հեռավար մասնակցի կարգավիճակ՝ միանալով Հայաստանի պետական պարտատոմսերի շուկային և արտարժույթի շուկայի հարթակին՝ առանց Հայաստանում ընկերության գրանցման։
«Մենք ստեղծել ենք հեշտացված և համաշխարհային ստանդարտներին համապատասխան մուտք Հայաստանի արժեթղթերի շուկա։ Այս նախաձեռնությունը բեկումնային է կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման և ներդրումային հոսքերի խթանման տեսանկյունից։ Հեռավար մասնակցության մոդելը հնարավորություն է տալիս միջազգային բրոքերներին պարզ, թափանցիկ և արդյունավետ մուտք գործել մեր շուկա՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչությունը», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը հավելել է․«Այս փոփոխության շրջանակում, հայաստանյան կարգավորված շուկային հեղինակավոր օտարերկրյա բրոքերների մասնակցությունը, կբերի նոր մշակույթ և նոր գործարար ստանդարտ ՀՀ կապիտալի շուկայի էկոհամակարգի համար»:
Ներդրված նոր հնարավորությունը զգալիորեն վերափոխում է ներդրումային միջավայրը՝ հատկապես բրոքերների համար։ Այն հնարավորություն է տալիս օտարերկրյա բրոքերներին ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայում՝ խուսափելով ավելորդ գործառնական ծախսերից և իրավաբանական գրանցման բարդություններից։
AMX-ը վստահ է, որ Հեռավար մասնակցության մոդելը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի կապիտալի շուկայի դիրքը տարածաշրջանում, այլև կբարձրացնի երկրի ներդրումային վարկանիշը ու գրավչությունը միջազգային ֆինանսական հարթակներում։
***
Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։