Երեքշաբթի օրը DOGE-ի նախկին ղեկավարը՝ Իլոն Մասկը, խիստ քննադատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկաբյուջետային օրինագիծը՝ այն անվանելով «մինչ անճանաչելիություն ուռճացված» և «զզվելի գարշելիություն», գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Մասկը հիասթափված էր այն բանից, որ չկարողացավ համոզել Թրամփի վարչակազմին հրաժարվել օրինագծից, որն ըստ նրա՝ կավելացնի «արդեն իսկ հսկայական պետական բյուջեն»՝ հասցնելով այն 2.5 տրիլիոն դոլարի և «կծանրաբեռնի ամերիկացիներին ոչ տանելի պարտքով»։
Իր սոցիալական ցանցում՝ X-ում, Մասկը «Մեկ Մեծ Հիասքանչ Օրինագիծ» (որը հենց օրինագծի պաշտոնական անունն է՝ One Big Beautiful Bill) անվանեց «զզվելի գարշելիություն»։ Այս գրառումը տեղի ունեցավ Թրամփի թիմի համար անսպասելի պահին՝ Սպիտակ տանը լրագրողների ճեպազրույցի ժամանակ, ինչը Axios-ի կարծիքով նշան է աճող լարվածության, որը սրվեց նախորդ շաբաթ Մասկի՝ Սպիտակ տանից հեռանալով։
Չնայած Մասկը նախկինում ևս քննադատել էր օրինագիծը, սակայն մինչև երեկ նրա հռետորաբանությունը շատ ավելի մեղմ էր։ Աղբյուրները նշում են, որ Թրամփը զայրացած է Մասկի «սաբոտաժով»՝ սոցիալական ցանցերում։ Սակայն Axios-ը առանձնացնում է չորս վճռորոշ պահ, որոնք հանգեցրել են Մասկի սուր քննադատությանը․
-
Օրինագիծը կրճատում է էլեկտրամոբիլների հարկային արտոնությունները, այդ թվում՝ Մասքի Tesla-ի համար։ 2025-ի ապրիլի վերջին Tesla-ն ծախսել էր 240,000 դոլար լոբբինգի վրա՝ աջակցություն ստանալու համար, սակայն ապարդյուն։
-
Մասկը աշխատել է Սպիտակ տանը որպես հատուկ պետական խորհրդատու, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ նա չի կարող շարունակել պաշտոնավարել վճարովի ժամկետից հետո (130 օր), և նրան հեռացրել են։
-
Մասկը ցանկանում էր, որ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը օգտագործի իր Starlink արբանյակային համակարգը՝ ազգային օդային երթևեկության կառավարման համար, սակայն վարչակազմը մերժեց՝ վկայակոչելով շահերի բախում և տեխնոլոգիական խնդիրներ։
-
Վերջնական կաթիլը դարձավ շաբաթ երեկոյան Թրամփի որոշումը, որով նա ետ կանչեց Մասքի դաշնակից, միլիարդատեր-աստղագնաց Ջարեդ Այզեքմանի թեկնածությունը՝ NASA-ի ղեկավարի պաշտոնում։ Սպիտակ տանը տարածվեց լուր, թե որոշման հետևում կանգնած է նախագահի աշխատակազմի ղեկավար Սերխիո Գորը, ով հակասություն ուներ Մասկի հետ։ Աղբյուրներից մեկը դա որակել է որպես ուղղակի «գնա կե՛ր» ուղերձ Մասկին։ Սակայն մյուսները նշում են, որ Այզեքմանի դեմ բողոքել էին հանրապետական սենատորները, քանի որ նա ֆինանսավորել էր դեմոկրատներին, և Սպիտակ տունը նախընտրում էր ավելի հավատարիմ հանրապետական թեկնածուի։ Այնուամենայնիվ, Մասկը NASA-ի շուրջ պատմությունը համարել է «վերջնական վիրավորանք»։