Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն նշել է, որ «ԵՄ մի շարք երկրներ դեռ շարունակում են գնել ռուսական ածխածնային ռեսուրսներ»։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի հետ (Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական, որը ներառված է Ռուսաստանի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում) Ռուսաստանի էներգետիկ արտահանման դեմ նոր պատժամիջոցների շուրջ համաձայնության գալու փորձերը կարող են ԵՄ-ին ենթարկել ԱՄՆ-ի կողմից 500% մաքսավճարների ռիսկի։ Այս հնարավորությունը փաստացի հաստատվել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության կողմից։
«Մենք դեռ չգիտենք՝ ԱՄՆ-ը կմտցնի արդյոք այնպիսի պատժամիջոցներ, որոնք կներառեն 500% մաքսեր երրորդ երկրների նկատմամբ, որոնք գնում են էներգառեսուրսներ Ռուսաստանից։ Փաստացի խոսքը երկրորդային պատժամիջոցների մասին է։ Այդ պատճառով մենք այս պահին չենք կարող ասել՝ արդյոք Եվրահանձնաժողովը կդիմի ԱՄՆ-ին բացառություններ ստանալու համար այդ պատժամիջոցներից», — ասել է Պաուլա Պինյուն Բրյուսելում կայացած ճեպազրույցում՝ հաստատելով, որ «ԵՄ մի շարք երկրներ շարունակում են գնել ռուսական ածխածնային ռեսուրսներ»։
Նա հավելել է, որ Եվրահանձնաժողովը պահանջում է ԵՄ բոլոր երկրներից լիովին դադարեցնել այդ գնումները մինչև 2027 թվականի ավարտը։
Պինյուն հաստատել է նաև, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հանդիպել է սենատոր Գրեհեմի հետ՝ փորձելով համաձայնեցնել Ռուսաստանի դեմ ԵՄ և ԱՄՆ նոր հնարավոր պատժամիջոցների փաթեթները։ Նա նշել է, որ ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների փաթեթը կներառի սահմանափակումներ «Հյուսիսային հոսք» պայթեցված գազատարների դեմ, ինչպես նաև նավթ փոխադրող տանկերների նկատմամբ, որոնք ռուսական նավթը տեղափոխում են շուկայական պայմանագրերով՝ խափանելով Ռուսաստանի նավթի և նավթամթերքների գնի սահմանափակումների մեխանիզմը։
Բացի այդ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն քննարկում են նաև ռուսական նավթի գնի սահմանափակման շեմը նվազեցնելու հնարավորությունը։ Այդ շեմն ի սկզբանե սահմանվել էր 2022 թվականին՝ Մեծ յոթնյակի կողմից՝ 60 դոլար մեկ բարելի համար, սակայն մինչ այժմ չի հաջողվել ապահովել դրա կատարումը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում