Բանկային հսկան պատրաստվել է ճգնաժամից փրկվելու կտրուկ միջոցների

1 Min Read

Շվեյցարական Credit Suisse բանկը, որն աշխարհում խոշորագույններից մեկն է, հայտարարել է, որ մտադիր է մինչև 2025 թվականը կրճատել իր աշխատակազմը 17 %-ով: Այս մասին ասված է կազմակերպության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։

Կկրճատվի 9000 աշխատակից, իսկ երեք տարում բանկում կաշխատի մոտավորապես 43000 մարդ։ 2022 թվականի չորրորդ եռամսյակում բանկը նախատեսում է աշխատանքից հեռացնել 2700 լրիվ դրույքով աշխատողի, որը համարժեք է կազմակերպության ընդհանուր աշխատուժի 5 %-ին։

Credit Suisse-ը նաև նախատեսում է երեք տարվա ընթացքում կրճատել ծախսերի բազան 15 %-ով: Բանկային հսկան պատրաստվել է կտրուկ միջոցների՝ որպես բիզնեսի վերակառուցման նոր ռազմավարության մաս՝ վերջին ժամանակներում բանկի կապիտալիզացիայի կտրուկ անկման ֆոնին։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում կազմակերպության վնասները կազմել են չորս միլիարդ դոլար։

Հոկտեմբերի սկզբին բանկի «կրիտիկական» վիճակի մասին հայտարարել էր ֆինանսական կազմակերպության գլխավոր տնօրեն Ուլրիխ Կերները։ «Մենք Credit Suisse-ի վերաձևավորման գործընթացում ենք երկարաժամկետ և կայուն ապագայի համար», – ասել էր նա: Բիզնեսը զանգվածային կրճատումների միջոցով փրկելու բանկի որոշման մասին հայտնի էր դարձել օգոստոսի սկզբին։

Share This Article
Թողնել մեկնաբանություն