ՀՀ-ում ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուբլու և վրացական լարիի վարքագիծը ամառային ամիսներին. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2 Min Read

Ամռան ամիսներին մարդիկ փորձում են հանգիստը կազմակերպել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Արտերկրում հանգիստը կազմակերպելու համար շատ հաճախ անհրաժեշտ է լինում դրամը փոխարինել արտարժույթով։ Այս տեսանկյունից բոլորի ուշադրությունը սևեռվում է տարբեր արժույթների փոխարժեքի տատանումներին։

Բոլորն են փորձում իրենց դրամական միջոցները շահավետ կերպով փոխարինել արտարժույթով։

Մեր կողմից ուսումնասիրվել են ԱՄՆ դոլարի, եվրոյի, ռուսական ռուբլու և վրացական լարիի փոխարժեքի տատանումներն ամռան երեք ամիսներին 1999-2024թթ ժամանակահատվածում։

Ստացվել է հետևյալ պատկերը․

Իրականացված հաշվարկները ցույց են տվել, որ 1 ԱՄՆ դոլարի արժեքը արտահայտված դրամով դիտարկված տարիների 54%-ի պարագայում դրսևորել է խառը վարքագիծ։ Այսինքն, շատ են եղել դեպքերը, երբ ամառվա մի ամսում մյուս ամսվա համեմատ դիտվել է  ԱՄՆ դոլարի փոխարժեքի և՛ աճ, և՛ անկում։ Օրինակ, 2023թ․ հունիսի վերջին 1 ԱՄՆ դոլարն արժեր ֏ 386․06, հուլիսին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճեց մինչև ֏ 386․14, իսկ արդեն օգոստոսին նվազեց մինչև ֏ 387․53։

Մյուս կողմից, աճող վարքագիծ դրսևորվել է տարիների 13%-ի  և նվազող վարքագիծ՝ 33%-ի պարագայում։ Նվազող վարքագիծ, օրինակ, դիտվել է 2024թ․ հունիսի վերջի դրությամբ, երբ  1 ԱՄՆ դոլարն արժեր ֏ 388․16, հուլիսին դարձավ ֏ 388․10, իսկ օգոստոսին՝ ֏ 387․53։ 

Եվրոյի պարագայում պատկերն ավելի բարդ է։ Մասնավորապես, վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարիների 38%-ի պարագայում եվրոյի փոխարժեքը դրևսորել է խառը, 33%-ի պարագայում՝ նվազող, և 29%-ի դեպքում աճող վարքագիծ։ Օրինակ, 2024թ․ հունիսի վերջին 1 եվրոն արժեր ֏ 415․72, հուլիսի վերջին՝ ֏420․43, իսկ օգոստոսի վերջին՝ ֏ 429․38։

Ռուսական ռուբլու պարագայում պատկերն ավելի պարզ է։ Մասնավորապես, վիճակագրական տվյալների համաձայն`այս տարիների 42%-ի պարագայում ռուբլու փոխարժեքը դրևսորել է խառը վարքագիծ, 54%-ի պարագայում՝ նվազող, և 4%-ի դեպքում աճող վարքագիծ։

Օրինակ, 2024թ․ հունիսի վերջին 1 ռուսական ռուբլին արժեր ֏ 4․57, հուլիսի վերջին՝ ֏4․50, իսկ օգոստոսի վերջին՝ ֏ 4․25։

Վրացական լարիի  դեպքում պատկերն ավելի խառն  է։ Մասնավորապես, վիճակագրական տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարիների 63%-ի պարագայում լարիի փոխարժեքը դրևսորել է խառը, 29%-ի պարագայում՝ նվազող, և 8%-ի դեպքում աճող վարքագիծ։ Օրինակ, 2024թ․ հունիսի վերջին 1 վրացական լարին արժեր ֏ 138․64, հուլիսի վերջին դարձավ ֏142․95, իսկ օգոստոսի վերջին աճեց մինչև ֏ 144․19։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով